Մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի խորհրդաժողովը, որի հիմնական նիստերը կանցկացվեն Գորիսում
«1980-ականների վերջում, երբ սկսվեց Արցախյան շարժումը, որը հանգեցրեց Հայաստանի անկախությանը և Արցախի ազատագրմանը, մենք ունեցանք անխոցելիության զգացում»,- ՀՅԴ Հայ Դատի խորհրդաժողովի պաշտոնական բացման միջոցառմանը հայտարարեց ՀՅԴ բյուրայի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այդ տարիներին հաղթանակների նոր դարաշրջան էր բացվում, որի ժամանակ հայ ժողովուրդը մեկ բռունցք դարձած կարողացավ իր դարավոր երազանքն իրականություն դարձնել և բոլորը խանդավառված էին, և Սփյուռքում ու Հայաստանում լծվեցին աշխատանքի:
«Աշխարհով մեկ ուենցանք այն զգացումը, որ Հայկական դարաշրջան է բացվում մեր առջև և այդ պատճառով էլ ծանր էր Արցախյան երկրորդ պատերազմի պատճառած ահավոր ցավը և վիշտը, քանի որ մենք հեռացանք այդ անխոցելիության զգացումից»,- ասաց Հակոբ Տեր-Խաչատրյանը և հավելեց. «Այս ապիկար իշխանությունների պատճառով պատերազմում, ջիհադիստ վարձկանների մասնակցությամբ թրքական և ադրբեջանական միացյալ հարձակումենրի հետևանքով ստեղծվեց մի կացություն, որը ցնցեց ամբողջ հայկական աշխարհը»:
Նա շեշտեց, որ պատերազմի ժամանակ Հայ Դատը համախմբվեց, իր աշխատանքները չթուլացրեց և ողջ ներուժը ներդրեց պատերազմում մեր օգտին ելք ապահովելու գործին:
Նրա խոսքով՝ Հայ Դատը նաև պայքար է մղել ադրբեջանաթուրքական ապատեղեկատվական արշավի դեմ, երկրագնդի տարբեր անկյուններում կազմակերպվել են ցույցեր, որպեսզի Արցախի ձայնը հասնի աշխարհի խղճին:
Նա հայտնեց, որ պատերազմի ժամանակ նաև համախմբվել էր ողջ հայությունը, որի արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով 170 մլն դոլար է հանգանակվել Արցախին օգնելու համար:
Հակոբ Տեր-Խաչատրյանը հայտնեց, որ վաղը Գորիսում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի խորհրդաժողովը, որով կառույցը կարտահայտի իր աջակցությունը Սյունյաց աշխարհին և լրացուցիչ ուժերով կաշխատեն ի պաշտպանություն հայրենիքի:
Բանախոսը նաև անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով ուղերձ հղեց համաժողովին հետևող հայ ժողովրդի բարեկամներին:
Համաժողովին ուղերձով դիմեց նաև ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը:
ՀՅԴ Հայ Դատի հանձնաժողովների և գրասենյակների նախորդ խորհրդաժողովը տեղի էր ունեցել 2020թ. փետրվարի վերջին՝ Արցախի հանրապետությունում:
Մեկնարկած խորհրդաժողովում քննության կառնվեն նախընթաց շրջանի աշխատանքները, կվերաարժևորվեն դրանք, կգնահատվեն առկա ռիսկերը, խնդիրները և նոր ժամանակաշրջանի համար կճշգրտվեն Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեության հիմնական ուղղություններն և մարտավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան