Կատարվել է գեներալ-մայոր Նորայր Միրզոյանի հիշատակին տրված խոստումը
Նոյեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է ուխտի սուրբ և անմահ պատարագ՝ ձեռամբ Արցախի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՍԵ Արցախի թեմի պաշտոնական կայքից։
Պատարագի ավարտին կատարվել է փրկչական սրբապատկերի օրհնություն և օծման արարողություն։ Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն փրկչական պատկերի նվիրատուն Լիա Միրզոյանն է, ով կատարել է իր նահատակ ամուսնու՝ գեներալ-մայոր Նորայր Միրզոյանի հիշատակին տված խոստումը։
Սուրբ պատարագին և սրբապատկերի օծման արարողությանը ուխտավորաբար ներկա ե եղել եկեղեցու բարերար Տիգրան Խաչատրյանը և Շոշկավանքի համայնքի հավատավոր զավակները: Բարձրանալով Շոշկավանքի բարձունքը՝ նրանք իրենց աղոթքն են բարձրացրին առ Աստված Արցախ Աշխարհի խաղաղության և հզորացման համար։
Սրբազան Հայրը քարոզով դիմելով ժողովրդին ասել է.
«Ինչպես առ Աստված ձգտող, Աստծուն փնտրող մեր սուրբ հայրերը բարձրացան լեռները առանձնալու, ինքնամփոփվելու, Աստծուն զգալու, տեսնելու և խոսելու համար, այնպես էլ այսօր մենք՝ որպես նրանց ոգու ժառանգակիցներ և առ Աստված հուսացողներ, բարձրացել ենք այս լեռն ու այս բարձունքում իր սրբատեղին գտած սրբավայրը՝ դիմելու մեր Տեր Աստծուն»։
Ավելի վաղ «Մշակութային Արցախ» ֆեյսբուքյան էջն անդրադարձել էր Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավորի պարտականությունները ստանձնած Նորայր Միրզոյանի պատմությանը.
«Նա ստանձնել էր Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու 2020 թվականի խաչքավորի պարտականությունները։ Սակայն Քրիստոսի 2020 տարվա աշունն աղետաբեր էր․ Հայրենիքի՝ Արցախի պաշտպանության սրբազան գործի նվիրյալներից շատերը, և ի թիվս նրանց, զոհվել է Նորայրը։ ԱՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նորայր Միրզոյանը մնաց Շոշկավանքի հավերժ խաչքավորը, որը Խաչի տեսքով այսօր հառել էր շրջապատի վրա իշխող դիրքով առանձնացող սրբավայրում։ Նա հավերժի պահապանն է, իր հարազատ եկեղեցի եկող-գնացողներին դիմավորող և ուղեկցող հրեշտակը։
Խաչքարն օծվեց Շոշկավանքի բարձունքին։ Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Նորայր Միրզոյանի հիշատակին կանգնեցված խաչքարն օծվել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ և հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ։
-Մենք ապրում ենք կարևոր մի գաղափարախոսությամբ, որն է հայի ապրելու, գոյատևելու և ապագան ճիշտ կառուցելու շարունակականություն,-ասել է Սրբազանը խաչքարն օծելու ավարտին։-Խաչքարերը և խաչը մեզ համար ամրության վահան են, իսկ այս բարձունքը որպես սրբության և խոնարհման վայր։ Հայի էությունը խաղաղությունն է, ազատությունը, հավատքը։ Եթե մենք կարողանանք հավատալ ու տիրապետել այս ճշմարտությանը, կնշանակի՝ ունենք այն բանալին, որը մեզ տանում է դեպի Աստծո արքայություն։ Մենք պետք է ապրենք, արարենք, սերունդ դաստիարակենք այստեղ։ Եվ աղոթենք մեր նահատակ տղաների համար, որպեսզի նրանք վերևից մեզ տեսնեն համախմբված, սիրո և ներդաշնակության մեջ։
Հիրավի, մենք պետք է աղոթենք երկնային զորքին միացած մեր սուրբ նահատակների համար, իսկ նրանք պիտի բարեխոսեն մեր միասնության ու հաղթանակի համար։
Երկրային կյանքում բարեխիղճ իրավապահը երկնային կյանքում աստվածային օրենքի պահապանն է, որի հիշատակին խաչքարը կանգնեցրել է Շոշկավանքի բարերար Տիգրան Խաչատրյանը։ Նորայրի երկրային կյանքի ավարտը գուժել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած անհավասար մարտը։
-Նորայրի կինը՝ Լիա Միրզոյանը, խոստացել էր պատերազմի ավարտից հետո ամուսնու հետ բարձրանալ Շոշկավանք և սրբատանը նվիրաբերել մեր Տիրոջ՝ Հարուցյալ Քրիստոսի սրբապատկերը,-հիշել է Նորայրի քույրը՝ Նոնան, և ավելացրել,- ավաղ, Նորայրը զոհվեց, իսկ Լիան կատարեց իր խոստումը՝ սրբապատկերը բերեց եկեղեցի։
Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը։ Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային դրախտի ու փրկության խորհուրդ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին