Պատվաստված 23 քաղաքացի մահացել է․ Ավանեսյան
Այսօրվա դրությամբ իրականացվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 217 հազար 391 պատվաստում: Առաջին դեղաչափը ստացած քաղաքացիների թիվն է 781 հազար 11, ինչը կազմում է մեծահասակ բնակչության 39 տոկոսը: Երկրորդ դեղաչափ ստացած քաղաքացիների թիվը կազմում է 436 հազար 380, ինչն իր հերթին կազմում է մեծահասակ բնակչության 21,8 տոկոսը: Տվյալներն ասուլիսում ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, պատվաստված քաղաքացիների շրջանում կորոնավիրուսով հիվանդացության և հոսպիտալացման առումով բավական լավ պատկեր է երկրում: Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ 13 հազար 562 ակտիվ դեպքերի շրջանում ընդամենը 1092-ն է պատվաստված քաղաքացի, կազմում է ընդհանուր 8,1 տոկոս: Հոսպիտալացված 2900 քաղաքացիներից 102-ն են ամբողջական պատվաստված, ինչը կազմում է 3,5 տոկոսը: Ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից 9-ն են ամբողջական պատվաստում ստացել:
«Հույս ունենք՝ այս նոր շտամի առումով ևս կպահպանվի պատվաստումների արդյունավետությունը»,- ասաց Ա. Ավանեսյանը:
Ինչ վերաբերում է վերապատվաստմանը, նախարարը նշեց, որ հետևում են պաշտոնական, մասնագիտական ցուցումներին, խթանիչ դեղաչափ ստանալու համար սահմանվել է 6-ամսյա ժամկետ, այսինքն քաղաքացին երկրորդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է ստանալ խթանիչ դեղաչափ:
«Խթանիչ դեղաչափը նշանակում է ամբողջական պատվաստում ստացած քաղաքացու կողմից ստանալ երրորդ՝ մեկ խթանիչ դեղաչափ, ոչ թե ևս երկու այլ պատվաստանյութ կամ նույն պատվաստանյութը:
Որոշակի սխեմա ենք կազմել, խորհուրդ է տրվում այն քաղաքացիները, որոնք ստացել են «Մոդեռնա», «Պֆայզեր» պատվաստանյութ, որպես խթանիչ դեղաչափ պատվաստվել տվյալ պատվաստանյութերով, արդյունավետության բարձր ցուցանիշ է գրանցվում»,- ասաց Ա. Ավանեսյանը:
Նա տեղեկացրեց, որ պատվաստված 1 միլիոն 200 հազար քաղաքացիներից պատվաստումից հետո 79 -ի մոտ է եղել առողջական որոշ բողոքներ, 40-ից ավելիի դեպքում քաղաքացիների մոտ եղել է հենց քովիդով հիվանդացություն:
Նախարարը հայտնեց, որ պատվաստված և կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի է մահացել, նրանց միջին տարիքը 75-ից բարձր է, նրանց մոտ խրոնիկ հիվանդություններ են գրանցված եղել:
Հարակից հրապարակումներ`
- Երբ Փաշինյանը խոսում է պատվաստումների մասին, բոլորը հիշում են իր հայտնի արտահայտությունը՝ ում շունն է կորոնավիրուսը. Վարդևանյան
- Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում․ Մայր Աթոռ
- COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ են եղել
- Պոլիկլինիկաներում COVID-19-ի դեմ պատվաստումների թղթաբանությունը կիրականացվի «Արմեդ»-ի միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան