Ե՞րբ կցրվի Արարատյան դաշտում առկա մառախուղը
Արդեն երրորդ օրն է ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է։ Այս երևույթը պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ,պարզաբանում է է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում նկատվեց սառը օդի լճացում, իսկ նոյեմբերի 27-ի ցերեկը հարավից դեպի մեր տարածք սկսեցին ներթափանցել տաք օդային հոսանքներ։ Ներթափանցող տաք օդային հոսանքների և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շփման հետևանքով` ձևավորվեց մառախուղ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի հետ համեմատ` բացառությամբ Արարատյան դաշտի և դրա նախալեռնային գոտու, հանրապետության ամբողջ տարածքում բարձրացել է 6-8, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 14-16 աստիճանով։
Այսօր ցերեկը Սյունիքի և Տավուշի ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը հասնում է+20-ի, իսկ լեռնային շրջաններում +10…+13 աստիճանի։
Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում մառախուղի գոյացման պատճառով ջերմաստիճանի փոփոխություն չի նկատվել։
Դեկտեմբերի 1-ին սպասվող ակտիվ ցիկլոնի ներթափանցման հետ կապված` Արարատյան դաշտում առկա մառախուղը կցրվի, սակայն հանրապետության ողջ տարածքում կսկվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, առանձին հատվածներում քամու արագությունը կհասնի 20-25մ/վ-ի»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան