Մենք ունենք խտրական պատճառներով պայմանավորված որոշում․ Ռուբեն Մելիքյանը՝ ԲԴԽ-ի որոշման մասին
«Մենք ունենք խտրական պատճառներով պայմանավորված որոշում և ԲԴԽ-ն ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության հիման վրա հանդես եկավ որպես վերջնական ատյան»,- Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այսօր ԲԴԽ-ի՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին խիստ նկատողություն հայտարարելու որոշումը, ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով ՝ ԲԴԽ-ն նպատակ է ունեցել պատժելու դատավորին, որը «հանդգնել» է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գործով կայացնել նրանց ոչ հաճո որոշում։
«Սա ինչ-որ առումով նախազգուշացում է բոլոր դատավորներին, որ չի կարելի իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի, առավել ևս՝ նրանց պարագլխի վերաբերյալ գործով կայացնել ոչ հաճո որոշում։ Կարևոր բնությագրական փաստ է՝ այս գործը վերաբերում է իբև դատավոր Զարուհի Նախշքարյանի պարտականությանը,որը պետք է հայտներ ինքնաբացարկ։ Բայց բուն գործն այն մասին չէ, որ դատավորը կայացրել է սխալ որոշում, այլ այն մասին, որ դատավորը պարտավոր էր հայտնել ինքնաբացարկ։ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը դատավորին պատժելու համար բողոքը ներկայացրել է արդարադատության նախարարություն վճիռը կայացնելուց հետո,այլ ոչ թե բացարկը մերժելուց հետո։ Ակնհայտ է, որ երբևէ չէր լինի այդ դիմումն Արդարադատության նախարարություն և չէր լինի կարգապահական վարույթ, եթե դատավոր Նախշքարյանը հակառակ որոշման հանգեր։ Սա ակնհայտ պայմանավորված է քաղաքական պատճառներով»,- ասաց նա։
Մելիքյանն այն համոզմանն է, որ հնարավոր է այս գործընթացի վրա ազդեցություն ունենալ։
«Հայաստանն այժմ գտնվում է այնպիսի իրավիճակում, որ չեմ բացառում տարբեր եվրոպական կառույցների ու միջազգային կազմակերպությունների խիստ մոտեցումները՝ նման ակնհայտ չփաթեթավորված կարգապահապան հետապնդման մասով։Մենք այս ուղղությամբ ամեն ինչ կանենք»,- եզրափակեց իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
- ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան