Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը
Իրանի և «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) համատեղ հանձնաժողովը երկուշաբթի օրը Վիեննայում վերսկսում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս փուլը յոթերորդն է լինելու բանակցային մարաթոնում, որն ամռանն ընդհատվել էր Իրանում անցկացված ընտրությունների պատճառով։
Բանակցողները Կոբուրգ պալատում կհավաքվեն քաղաքական տնօրենների մակարդակով մամուլից փակ դռների հետևում։ Հանդիպումը վարելու է ԵՄ համակարգող Էնրիկե Մորան։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, իրանական նոր պատվիրակությունը՝ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։
Ամերիկյան կողմը չի մասնակցում համատեղ հանձնաժողովի նիստին՝ պայմանավորված 2018 թվականին ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով, սակայն Վիեննայում միջուկային գործարքի մասնակիցների հետ առանձին խորհրդակցությունների համար պետք է ներկա լինի Իրանում ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին։ Մորան պետք է համատեղ հանձնաժողովի երրորդ անդամների միջոցով անուղղակի հաղորդակցություն ապահովի Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև։
Հանդիպումից առաջ իրանական կողմը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում կենտրոնանալ հենց Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վրա։ Բաղերին ասել է, որ միջուկային գործարքի հնարավորությունների պատուհանը հավերժ բաց չի մնա, եթե համաձայնագիրը երաշխիքներ չտա, որ Իրանը կշահի դրանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան