Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը
Քաջարան համայնքի ավագանու անդամներն այսօր հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի։
Ավագանու նիստին ներկա անդամներից մեկը նշեց, որ իրենք վրդովված են, մինչ այսօր չգիտեն, թե իրենց համայնքապետին ինչի համար են կալանավորել, շուրջ 6 ամիս է՝ համայնքապետը չկա, քաղաքն անտեր-անտիրական է:
Ավագանու անդամը հայտարարեց, որ ուղերձն ուղարկելու են դատարանին:
«Հարգելի դատարան հայտնում ենք ձեզ մեր խորը անհանգստությունն ու մտահոգությունն այն հանգամանքի վերաբերյալ, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն արդեն 6 ամիս գտնվում է արգելանքի տակ, իսկ Փարամազյանի գլխավորած համայնքն իր բացակայության պայմաններում գլխատված է, քաջարանցին՝ հիասթափված։
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ տեղական ինքնակառավարումը միայն ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավար և ավագանի։ Աներկբա է Քաջարան համայնքի համար ևս, որ գրեթե 100 տոկոս քվե ստացած ղեկավարն այսօր գտնվում է կալանքի տակ։ Դեռևս անհայտ է նրան մեղսագրվող արարքների օրինականությունն ու իրավաչափությունը։ Ավելին՝ դրանք հետագայում միանշանակ կլինեն ՄԻԵԴ գանգատի առարկա։
Ներկայումս քաջարանցու ընտրական իրավունքի խախտման պայմաններում ինչպես պետք է իրականացնել համայնքի ղեկավարումը, երբ մենք գործ ունենք ամբողջությամբ պարալիզացված ներհամայնքային կյանքի, մշակույթի, աշխատավոր քաջարանցու վստահության բացակայության հետ, երբ վերջիններիս կայացրած որոշումը երաշխավորված չէ։
Այսօր բոլոր ժամանակներում անառիկ Սյունիքը կանգնել է պատմական հորձանուտ անցնելու վտանգի առաջ, իսկ սյունեցուն ոգեշնչելու, իր դիրքերում ամուր կանգնելու և բնօրրանը երբեք չլքելու համար պայմաններ ստեղծելու փոխարեն գլխատում են։ Սա է ներկայիս կարգավիճակով Քաջարան համայնքը։
Հարգելի դատարան, ձեզ է ընձեռված գործի անկողմնակալ, անաչառ և օբյեկտիվ իրավագիտակցությամբ ընկալելու բացառիկ իրավունքը։ Մեր համայնքի ղեկավարին մեղսագրվող արարքի, մեղադրանքի առումով համոզված ենք, ունենք բավարար երաշխիքներ, մեղադրական թեքումից ձերբազատվել և անկողմնակալ արդարադատություն իրականացնել։
Խնդրում ենք փոփոխել Մանվել Փարամազյանի խափանման միջոցը, նրան ազատ արձակել և ընտրել մեկ այլ խափանման միջոց։ Արդար չէ ներկայումս չհիշատակել հզոր համայնքապետի դերն ու նշանակությունը ողջ 44-օրյա պատերազմում, առավել ևս հիմա, երբ պետականության հիմքերն ամրացնելու անհրաժեշտությանն ենք լծված յուրաքանչյուրս» , - նշված է ավագանու հայտարարության մեջ։
Շրջանի վարչական ղեկավարներից մեկն ասաց, որ 6 ամիս է իրենց ղեկավարին անիմաստ բռնել են:
«Սահմանամերձ գյուղ է: Եկեք տանեմ, ցույց տամ՝ ինչ է արել մեր քաղաքապետը երեք տարում՝ ճանապարհները վերանորոգել է, խմելու ջրով ապահովել:
Ձմեռ է, թուրքը սարին նստած է: Ժողովուրդը փայտ չունի, ուր գնում ենք, չեն տալիս: Ղեկավար չկա, անտերություն է: Խնդրում ենք՝ բաց թողեք մեր ղեկավարին, թող գա, մեր ժողովրդին տերություն ունի»,- ասաց նա:
Նշում են՝ Մանվել Փարամազյանի կարիքը բոլոր գյուղացիներն ունեն:
Դրսում հավաքված քաջարանցիները նույնպես խնդրում են, պահանջում են՝ ազատ արձակել իրենց համայնքապետին:
«Ոչ մի դժգոհություն չունեինք: Նման քաղաքապետ չէինք տեսել՝ թե աշխատանքով, թե մարդկային առումով:
Քաջ Նազարը դրոշակը վերցերց, մի գլխարկ դրեց, վրեն գրեց «դուխով»: Ի՞նչ դուխով: Տենց դուխով բան կլինի: Գոնե օձը գլխից բռնի, պոչից է բռնում: Սա երկրր չէ: Մարդկանց հիասթափեցնում են:
Փաշինյանն ի՞նչ…պատահական: Չագուճ է վերցրել … Չի նշանակում երկիր պահել»,- նշեց քաջարանցիներից մեկը:
Հիշեցնենք, որ Մ. Փարամազյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները նա չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:
Հարակից հրապարակումներ`
- Անազատության մեջ գտնվող Մանվել Փարամազյանը շարունակում է հանդիսանալ Քաջարանի համայնքապետ
- Դատարանը Մանվել Փարամազյանի լիազորությունների կասեցման որոշումը վերացրեց
- Անհասկանալի է՝ ինչպես մակագրվեց վատագույն դատավորին և ոչ թե լավագույն դատավորին. Մանվել Փարամազյանի պաշտպաններ
- Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքի քննությունն այսօր է
- Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է «հարմար» դատավորի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին