Սոչիում Պուտին-էրդողան և Ալիև-Էրդողան հանդիպում էր. Լարիսա Ալավերդյան
«Այս կեղտոտ տեխնոլոգիաները, որոնք գործադրվում են, հստակ բնութագրում են այն կողմին, որն ավելի շատ դաժան է, քան խիզախ, ավելի շուտ անօգնական է, քան խելոք»,- անդրադառնալով Առուշ Առուշանյանի դատավարությանը՝ «Հայելի» մամուլի ակումբում ասաց իրավապաշտպան, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ արցախյան պայքարը երկարելու է, եթե նրա համար պայքարողների շարքերից բացակայեն Առոշ Առուշանյանի նմանները, որոնք այս վիճակի պատճառը տեսնում են կոնկրետ մարդկանց գործողությունների մեջ:
«Արցախի հարցն այդ անօգնական, դաժան, խելքից բավականին թույլ մարդկանց խնդիրը չէ՝ լինի թուրք, կամ ամբողջովին թուրք-ադրբեջանական կողմնորոշում ունեցող իշխանություն»,- ասաց Ալավերդյանը և պնդեց, որ Առուշանյանի դատավարությունն այդ միտումները փաստեցին:
Նրա խոսքով՝ իշխանությունների մոտ ինտելեկտուալ մակարդակը չի համապատասխանում այն մարտահրավերների բազմազանությանը, որն այսօր ունենք, բայց նրանց չպետք է նույնացնել պետության հետ:
Ալավերդյանը պնդեց, որ ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի կազմակերպած բազմակարծիք լսումները ցույց տվեցին, որ Հայաստանում այդ պետականամետ միտքը և ինտելեկտուալ ներուժը կա:
Ըստ իրավապաշտպանի՝ այսօր հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք մենք ունենք հավակնություն վաղը սահմանին ցուցադրելու հստակ դիմադրություն, բայց հարցն ուժի մեջ չէ, քանի որ այն միանշանակ ունենք:
Նա հավաստիացրեց, որ այստեղ ծրագրված գնում է գործընթաց, որով շինծու գործերով վախեցնում են անգամ անվախներին և բերում հարցադրման՝ թե դու չես վախենում, բա քո երեխայի համար է՞լ չես վախենում:
Անդրադառնալով հասարակության մեջ հնչող այն տարակուսանքներին, թե արդյո՞ք Ալիևն է մեզ ղեկավարում՝ ՀՀ նախկին ՄԻՊ-ն ասաց. «Ոչ, մեզ բոլորիս փորձում է ղեկավարել Թուրքիան՝ սկզբից Ադրբեջանին զրկելով սուվերենությունից, և հիմա նույնն անում է Հայաստանի հետ, իսկ ադրբեջանցիներին թուրքերը համարում են 4-րդ սորտի թուրքեր»:
Նրա խոսքով՝ Հայաստանի նկատմամբ Թուրքիան հետաքրքիր մեթոդ է կիրառում՝ ասելով, որ իրենք ուժեղ են, իսկ մենք՝ թույլ:
Շեշտելով, որ նման իրավիճակում ցանկացած երկխոսության դեպքում Հայաստանը կապիտուլյացվելու է՝ Ալավերդյանը որպես փաստարկ բերեց հրապարակված ԵԱՀԿ-ի ձեռնարկից հատված. «Սահմանային հարցում բանակցությունները՝ երկխոսություն են հավասարների միջև, եթե որևէ մեկն ընդունում է հաղթածի դիրք, ապա մյուս կողմը միանշանակ կապիտուլյացիայի է ենթարկվում»
Բանախոսն անդրադարձավ նաև գերեվարվածների որոշ ծնողների այն հորդորներին, որ պետք չէ իրենց որդիների հարցը քաղաքականացնել:
«Սիրելի ծնողնե՛ր, ձեր երեխաների հարցը քաղաքականացված է ի սկզբանե, երբ այս իշխանությունների ձեռքով տարածքներ են հանձնվել թուրքին ձեր որդիների հետ միասին, որոնք դեռ մարտնչում էին այդ հողերի վրա»,- ասաց Ալավերդյանը և ընդգծելով, որ երկար ժամանակ հաջողությամբ զբաղվել է արցախյան առաջին պատերազմի գերիների վերադարձի հարցով և ներողություն խնդրելով, որ զգայուն թեմայի վերաբերյալ նման ձևակերպումներ է օգտագործում, ավելացրեց. «Ձեր որդիներն այսօր ևս կեղտոտ քաղաքական, իշխանական առևտրի առարկա են: Իշխանությունները հրամայելով չկրակել և հանձնելով նրանց՝ քաղաքականացնում են խնդիրը»:
Իսկ Ադրբեջանն, ըստ բանախոսի, շարունակում է գերեվարել, քանի որ անպատժելի է մնում, որի պատճառը Հայաստանի հստակ դիրքորոշման բացակայությունն է համաշխարհային հանրության մոտ:
Լարիսա Ալավերդյանը տարօրինակ համարեց, որ մինչ օրս Հայաստանը միջազգային ատյաններում հանդես չի եկել Թուրքիայի գործողությունների դեմ:
Անդրադառնալով վերջին եռակողմ հանդիպմանը՝ իրավապաշտպանն ասաց. «Սոչիում Պուտին-էրդողան և Ալիև-Էրդողան հանդիպում էր, այսինքն՝ Էրդողանի մասնակցությունը երկու անգամ ավելի շատ էր, քան Ռուսաստանի և Ադրբեջանինն առանձին վերցրած, իսկ Հայաստանի մասնակցությունն ավելի լավ է չլիներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին