Երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը նաև ազգային անվտանգության հարց է. Անահիտ Ավանեսյան
«Սա արտառոց միջոցառում չէ, և բազմաթիվ երկրներ արդեն իսկ կիրառում են, տրանսպորտից, հանրային սննդի վայրերից և այլ ծառայություններից օգտվելու ժամանակ պատվաստված լինելը հավաստելը կամ ՊՇՌ տեստի բացասական արդյունք ունենալը»,- ԱԺ-ում լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ծառայություններից օգտվելու իրավունքի վերաբերյալ կառավարության նոր որոշմանը և հավաստիացրեց, որ վերահսկման տեխնիկական մեխանիզմները սահմանված են:
Նախարարը նշեց, որ դիմակներ կրելու պահանջը նույնպես գործում է:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե որքանո՞վ է արդարացի, որ վարչապետը, նախագահը ունենան անձնական բժիշկ, իսկ օրենքի նախագիծը չընդունելով զինծառայողներին զրկեցին արտահերթ սպասարկվելու իրավունքից՝ նախարարն ասաց. «Երկրի առաջին դեմքերին բժշկական օգնություն տրամադրելը շատ անհրաժեշտ և ճիշտ մոտեցում է»:
Նրա խոսքով՝ ճիշտ չէ զինծառայողներին արտահերթ բուժսպասարկում տրամադրելու նախագծին բացասական եզրակացություն տալը և վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին պետբյուջեի միջոցներով անձնական բժիշկ տրամադրելը նույն հարթությունում դիտարկելը։
«Մեր զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները արտոնյալ պայմաններով օգտվում են բժշկական օգնությունից՝ իրենց նախընտրությամբ, թե որ բժշկական կենտրոնից օգտվեն»,-հայտարարեց նախարարը։
Շեշտելով, որ երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը նաև ազգային անվտանգության հարց է՝ Ավանեսյանն ասաց. «Առաջին դեմքերը, նաև այլ երկրներից ժամանող բարձրաստիճան հյուրերը ևս պիտի օգտվեն անհրաժեշտ բժշկական օգնությունից, որն ընդունված, ճիշտ պրակտիկա է»։