Հավակնորդների մրցաշարը կանցկացվի Մոսկվայում
«Տաշիր» ընկերությունների խումբը դարձել է Համաշխարհային շախմատային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական հովանավորը հավակնորդների մրցաշարի անցկացման գծով: Այն տեղի կունենա 2016 թ. մարտի 10-30-ը, Մոսկվայում: Մրցանակային հիմնադրամը կկազմի 450000 ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը:
Հաջորդ տարվա գարնանն աշխարհի 8 ուժեղագույն գրոսմայստերները՝ 6 երկրից, կմրցակցեն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ հանդիպելու իրավունքի համար: Մասնակիցներն են միջազգային վարպետ Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Իտալիայի կրկնակի չեմպիոն Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), ՌԴ 7-ակի չեմպիոն Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), ՖԻԴԵ-ի աշխարհի 2015 թ. գավաթակիր Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Հոլանդիայի չեմպիոն Անիշ Գիրին (Հոլանդիա) և Օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանը (Հայաստան): Հավակնորդների մրցաշարի հաղթողը կմասնակցի աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղին, որը կկայանա ԱՄՆ-ում, 2016 թ. նոյեմբերին:
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է. «Մենք վստահ ենք, որ մրցաշարը Մոսկվայում կանցնի բարձր մակարդակով և հանդիսատեսին շատ դիտարժան մրցամարտեր կպարգևի: Հավակնորդների մրցաշարը մեծ հետաքրքրություն է առաջացնում երկրպագուների ու ԶԼՄ-ների շրջանում: Եվ մենք հույս ունենք, որ այս մրցաշարն ամենալավ լուսաբանվածներից մեկը կլինի շախմատի պատմության մեջ՝ նպաստելով աշխարհում մեր մարզաձևի հետագա տարածմանը: Ուրախ ենք, որ մրցաշարի գործընկերը «Տաշիրն է»: Շախմատը միջազգային սպորտ է, և մենք ուրախ ենք, որ միջազգային խոշոր ընկերությունը գնահատել է Ռուսաստանում ու ողջ աշխարհում մեր լսարանի չափերն ու հնարավորությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան