Ոստիկանության համակարգում կան ծառայողներ, որոնք ցանկանում են շատ ավելի դուր գալ իշխանություններին. Արամ Վարդևանյան
«Գտնում եմ, որ ոստիկանության գործողությունները վերջին շրջանում հանրային հավաքների ընթացքում գնալով էլ ավելի են շեղվում համաչափության և իրավունքի գերակայության տիրույթից»,-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ շեշտելով, որ խնդիրը բարձրացնում է՝ օգտվում է ընձեռված հնարավորությունից, որ հանձնաժողվում ներկա է ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Պատգամավորը նկատեց, որ ոստիկանության համակարգում կան պարկեշտ իրավունքը գիտակցող ծառայողներ, սակայն շատ են նաև նման որակներ չունեցողները:
«Ոստիկանության համակարգում կան ծառայողներ, որոնք ցանկանում են շատ ավելի դուր գալ իշխանություններին, ինչն անընդունելի է, քանի որ ոստիկանությունը, ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները և օրինական շահերը պաշտպանող կառույցն է»,-հայտարարեց Վարդևանյանը:
Նա անընդունելի համարեց ցանկացած խաղաղ հավաքների ժամանակ անհամաչափ ուժի կիրառումը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ Վարդանյանը հայտնեց, որ օրակարգից շեղվելը լավագույն ձևով չի ազդում քննարկվող հարցի բովանդակության վրա:
Հանձնաժողովը քննարկում էր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը:
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ներկայացնելով նախագծի բովանդակությունը, ասաց. «Այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հանարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու ապացույցը նրա կողմից անձնագրային ծառայություն ներկայացնելու պահից»:
Ֆիդանյանը հայտնեց, որ նախագիծն առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն եղել, բայց այն լրամշակվել է կառավարության 5 առաջարկների հիման վրա:
Փոխոստիկանապետը նաև տեղեկացրեց, որ նախագծից հանվել է քաղաքացիությունը դադարեցնելու նոր հիմք հանդիսացող՝ սխալ տվյալների դրույթը, քանի որ այդ դեպքում հնարավոր չէ պարզել, թե այդ սխալները լեզվական, տեխնիկական պատահական սխալ է, թե միտումնավոր, առավել ևս, որ այդ սխալները կարող է նաև հարցաթերթիկում տրված հարցերի ոչ հստակ ընկալման հետևանք լինել:
Արա Ֆիդնայանը հայտնեց, որ ընդունվել է նաև «Հայաստան» խմբակցության պատագամավոր Արամ Վարդևանյանի 2 առաջարկից մեկը, ըստ որի՝ նախագծից պետք է հանվի քաղաքացիներից քաղաքացիություն ստանալու համար պահանջվող տեղեկատվությունն անձամբ ներկայացնելու դրույթը, քանի որ այն կարող է լրացուցիչ բեռ հանդիսանալ նրա համար:
Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ նախագծի շտկմամբ այդ տեղեկությունները կստանա լիազոր մարմինը՝ Ոստիկանությունը՝ համապատասխան հարցումների միջոցով:
Հանձնաժողովը քվեարկությամբ հաստատեց օրինագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին