Արտաքին աուդիտորը չի կարողացել ուսումնասիրել «Հայաստան» հիմնադրամի միջոցներից կառավարության ծախսած գումարների փաստաթղթերը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տարածել է հայտարարություն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 27-ի 30-րդ նիստի օրակարգի 1-ին կետի վերաբերյալ, որտեղ ասված է.
««Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը լսեց «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված դրամական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խմբի, հիմնադրամի հաշվեքննությունն իրականացնող աուդիտորական կազմակերպության և ՀՀ ֆինանսների նախարարի զեկույցները և դրանք ընդունեց ի գիտություն։
Աշխատանքային խումբը հայտնեց, որ դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին հավաստի որևէ ապացույց չի ստացել, ինչպես նաև աշխատանքային խումբն ու արտաքին աուդիտորը զեկուցեցին, որ իրավական սահմանափակումները խոչընդոտել են ՀՀ կառավարության կողմից ծախսված գումարների սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրումը:
ՀՀ վարչապետը դիմեց ՀՀ հաշվեքննիչ պալատին՝ առաջարկելով դիտարկել այս հարցով կատարվելիք հաշվեքննություններում աշխատանքային խմբին և աուդիտորական կազմակերպությանը փորձագիտական մակարդակով ներգրավելու հնարավորությունը:
ՀՀ վարչապետը հայտարարեց Կառավարության թափանցիկ և հաշվետվողական գործելու պատրաստակամության մասին. աշխատանքային խմբի և արտաքին աուդիտորական կազմակերպության համար հասանելի դարձնել սկզբնական բոլոր փաստաթղթերը՝ աշխատանքներն ամբողջականացնելու համար և, որը շատ էական է, վստահեցնել թե՛ խորհրդին, թե՛ հանրությանը, որ Հիմնադրամի ներդրումները Կառավարության խողովակներով պատշաճ կերպով են օգտագործվել։
Հոգաբարձուների խորհուրդն ուշադրության կենտրոնում կպահի այս հարցը և, ըստ անհրաժեշտության, վերստին կանդրադառնա դրան։
Խորհուրդը, արժևորելով Հիմնադրամի դերը աշխարհասփյուռ հայությանը համընդհանուր նպատակի շուրջ համախմբելու գործում, կրկին շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին և աջակիցներին»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 5 անդամ բացակայում էին 30-րդ նիստից
- Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին