Չի եղել դեպք, որ ադրբեջանական ավտոմեքենան հատի Հայաստանի սահմանը. Ռուստամ Բադասյան
«ՊԵԿ մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, և հավելեց. «Մեր որոշ ծառայողներ արդեն իրականացնում են ծառայություն ու մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղակայված են նույն վայրերում, որտեղ այլ պետական ծառայողներն են»:
Նա պարզաբանեց, որ մաքսավորնեը դեռ գործառույթներ չեն իրականացնում, և այն կարվի, երբ ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը և վստահեցրեց, թե չի եղել դեպք, որ ադրբեջանական ավտոմեքենան հատի Հայաստանի սահմանը։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ մաքսային շենքերին փոխարինող ավելի հարմարեցված միջոցներ կան, որոնք իրենք ցանկանում են գնել:
Բադասյանը չցանկացավ ասել, թե որտեղ են տեղակայված մաքսային ծառայողներն ու ինչ կարգավիճակով։
Անդրադառնալով բյուջեի կատարման ցուցանիշներին՝ ՊԵԿ նախագահը պնդեց, որ կառույցի դիտարկումներով վերանայված բյուջեով սահմանված ցուցանիշները կկատարվեն՝ չբացառելով նաև գերակատարումը:
Ներկայացնելով բյուջեի կատարողականի ցուցանիշները՝ Բադասյանն ասաց, որ եկամտային հատվածը 1 տրլն 581 մլրդ դրամ է, որը որոշակիորեն կգերակատարվի:
ՊԵԿ նախագահն ընդունեց, որ բյուջեի կատարման վրա ազդեցություն ունի գնաճը, որի պայմաններում հարկերի հավաքագրումները չկանխատեսված ավելացել են:
«Բայց մենք համեմատել ենք 2021 թվականը 2019 թվականի հետ, արձանագրել ենք, որ 2019-ի ցուցանիշները բարելավվում են և հիշեցնեմ, որ 2019-ը ռեկորդային տարի էր եկամուտների հավաքագրման առումով»,-հայտարարեց Ռուստամ Բադասյանը և հավելեց, որ ուսումնասիրություն են արել գնաճի ազդեցության մասով և պարզել, որ ավել հավաքագրված գումարի նկատմամբ այն ընդամենը 3,2-3,4 %-ի ազդեցություն ունի: