«Արծաթի և զարդանախշերի սիմֆոնիա»՝ Երևանի պատմության թանգարանում
Այսօր Երևանի պատմության թանգարանում կբացվի «Արծաթի և զարդանախշերի սիմֆոնիա» խորագրով ցուցադրությունը:
Երևան քաղաքի պատմության թանգարանում 90 տարիների ընթացքում հավաքվել և պահպանվում են հայ արծաթագործ վարպետների գործերը, որոնք այսօր էլ հիացնում են իրենց նրբությամբ ու կատարելությամբ:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունից հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացված արծաթե առարկաների մեջ առանձնանում են 19-20-րդ դարերով թվագրվող գոտիները, որոնց նախշազարդերը բարձրարվեստ կատարումներից զատ, հայ ժողովրդի ինքնության արտահայտման յուրօրինակ վավերագրերն են:
Դրանք պատրաստված են տեխնիկական տարբեր եղանակներով՝ մանրարուք, դրվագում, արծնակիտում, սևադ: Ընդ որում, սևադի տեխնիկան ծագումով հայկական է: Գոտիների մի մասը կրում է արծաթագործ վարպետի կնիքը:
Հավաքածուների մեջ ստվար խումբ են կազմում սպասքը և ծիսական առարկաները: Վերջիններս ՀՀ Ֆինանսների նախարարության գանձապետարանի, ինչպես նաև թանգարանի նվիրատու Ռոստոմ Ոսկանյանի հարուստ ֆոնդից են: Ըստ ծագման՝ դրանք լայն շրջանակ են ընդգրկում՝ Հայաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ Ֆինանսների նախարարության և Երևան քաղաքի պատմության թանգարանի նախաձեռնությամբ։
Այն կգործի մինչև 2022թ. փետրվարի 28-ը: