Վահե Հակոբյանի առաջարկով բարեկամների միջև փոխառությունները շուկայական պայմաններով իրականացնելու նախագծի քննակումը հետաձգվեց
«Ես առաջարկում եմ առայժմ այս հարցը չքննարկենք, կարծում եմ՝ հրատապության խնդիր չկա, սա Լարսում կանգնած մեր մեքենաները չեն, որ արագ լուծում տանք, այն լրջագույն օրենք է, որին պետք է ամենայն լրջությամբ մոտենանք»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին դիմեց հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը:
Նա նշեց, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ծավալուն ամփոփաթերթը պատգամավորներին փոխանցվել է նախորդ օրը ուշ երեկոյան և ֆիզիկապես հնարավոր չի եղել այն ուսումնասիրել:
Բադասյանն ընդունեց, որ փոփոխությունները ուշ են ուղարկել, բայց այն համարեց որոշակի հրատապություն ունեցող նախագիծ, քանի որ պետությունը միջազգային պարտավորություններ ունի և առաջարկեց ընդունել՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ավելի հիմնավոր աշխատելու և լրացնելու պայմանով:
Վահե Հակոբյանն ասաց, որ բազմաթիվ հարցեր կար մինչև նախագծի նախնական քննարկումը և դրանից հետո էլ ավելի է շատացել:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը համաձայնեց, որ կարևոր օրենքը պետք է հիմնավոր ուսումնասիրվի և Բադասյանին առաջարկեց հետաձգել քննարկումը՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում արագացված ընթացակարգով ընդունել այն:
ՊԵԿ Նախագահը համաձայնեց հետաձգել օրենքի նախագծի քննարկումը:
Ռուստամ Բադասյանը մինչ այդ տեղեկացրեց, որ նախագծով կանոնակարգվել է տրանսֆերային գնագոյացման հետ կապված հարաբերությունները:
Նա բացատրեց, որ տրանսֆերային գնագոյացումը վերաբերում է փոխկապակցված անձանց միջև գործարքների իրականացմանը, եթե այդ գործարքները շուկայական գործարքների արժեքներից ցածր գներով է արվում, ապա պետք է համապատասխանեցվի շուկայական գործարքի պայմաններին:
Ըստ Բադասյանի՝ այն վերաբերելու է շահութահարկին և ռոյալթիին և չի դիտարկվելու ավելացված արժեքի հարկը:
Նախագծով ընդլայնվել են վերահսկվող գործարքները՝ նրանցում ներառելով փոխառության տրամադրումը, ֆինանսական ակտիվի փոխանցումը, դրամական իրավունքի տրամադրումը և ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման գործարքները:
Վերահսկման համար տրանսֆերային գնագոյացման ստուգման նոր տեսակ են սահմանել, որի շրջանակներում հարկ վճարողը պետք է հարկային մարմին ներկայացնի տարվա ընթացքում կատարած համապատասխան գործարքները, եթե վերջինս ռիսկ տեսնի հաշվետվության մեջ, ապա տնտեսվարողից պետք է պահանջի լրացուցիչ հիմքեր ներկայացնել ռիսկային գործարքի վերաբերյալ, որից հետո, 30 օրվա ընթացքում հարկ վճարողը պետք է ներկայացնի տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը՝ ամենաքիչը 30 էջ ծավալով:
Բադասյանի խոսքով՝ եթե խախտումները չեն հիմնավորվում, ապա սկսվում է տրանսֆերային գնագոյացման ստուգում:
Նախագծով նաև առաջարկվում է ստուգվող գործարքների վաղեմության ժամկետ սահմանել 5 տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան