«Ինչի՞ համար ադրբեջանցիները պետք է հետ քաշվեին, անհասկանալի կադրային փոփոխություններից հետո մեր ՊՆ-ից վախեցա՞ն»
«Ես կարծում եմ, որ երբ այս կառավարությունը փոխվի, մեզ հաջողվի իրենցից ազատվել ու երբ Հայաստանի շահերը կներկայացնեն այն մարդիկ, որոնց իրական բոլոր շարժառիթները բխում է ազգային և պետական շահից, այդ դեպքում մենք կունենանք նաև հնարավորություն ազատել այդ ճանապարհները, նաև՝ Ճակատենինը»,- ԱԺ-ում պատասխանելով Գորիս-Կապան ճանապարհի վերաբացման հնարավորության մասին լրագրողների հարցերին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը և շեշտեց, որ միայն այդ դեպքում է հնարավոր բանակցությունները բերել առողջ դաշտ, այլ ոչ թե այն մշտապես վարել զիջումների պարտությունների ներքո:
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ այսօր նման պատասխանատվություն պատրաստ է իր վրա վերցնել «Հայաստան» դաշինկքը և ճշտեց, որ պարտավորություն ասելով նկատի ունի պետական և ազգային շահն առաջին պլան բերելը, ոչ թե անձնականը և աթոռներից կախված լինելը:
Հակոբյանը նշեց՝ տեղեկություն չունի, որ ադրբեջանցիները հետ են քաշվել Իշխանասարից, քանի որ եղանակային պայմանները վատացել են, ապա նրանք, ամենայն հավանականությամբ, տեղափոխվել են այդ հատվածում գտնվող իրենց ամրություններից ներս և չեն երևում սարի գլխին:
«Իրենք տեսնում են, որ իրենց դեմ թուլամորթ, անատամ անձնավորություն է, ինչպե՞ս կարող է նման պայմաններում իրենց զորքին հետ քաշեն, մի պահ ձեզ դրեք Ալիևի տեղը՝ հետ կքաշվեի՞ք»,-ասաց Հակոբյանը և, պնդեց, որ ադրբեջանցիները ոչ մի միլիմետր հետ չեն քաշվել, շարունակեց. «Ինչի՞ համար, ինչի՞ դիմաց պետք է հետ քաշվեին, անհասկանալի կադրային փոփոխություններից հետո մեր ՊՆ-ից վախեցա՞ն»:
Վահե Հակոբյանը բացառեց, որ ադրբեջանական զորքերի հետ քաշման վերաբերյալ կարող էր Սոչիում պայմանավորվածություն լինել, քանի որ ոչ մեկը չի վստահում Փաշինյանի խոսքերին:
«Ով է այսօր հավատում Նիկոլ Փաշինյանին, նա կարող է գնալ Սոչիում ասել՝ ես պատրաստ եմ ստորագրել, հետո գնալ Բրյուսել ասել՝ ինձ ասում էին ստորագրի՝ չեմ ստորագրել, այստեղ կստրագրեմ»,- նկատեց պատգամավորը:
Պատասխանելով Գորիս-Կապան ճանապարահատվածի վրա հայկական մաքսակետ կառուցելու հնարավորության մասին հարցին՝ Հակոբյանն ասաց. «Ո՞ր մաքսակետի մասին է խոսքը, մեր կողմի՞ց, որ Ադրբեջանի մեքենաները գան իրենց ճանապարհ մտնեն և այնտեղից դուրս գան Հայաստա՞ն, այդ հատվածում մաքսազերծվե՞ն, այդ ինչպե՞ս եք պատկերացնում, չնայած ես պետք է ինքս ինձ ուղղեմ, որ այս կառավարության դեպքում ես չեմ բացառում, որ վաղը ադրբեջանական ավտոմեքենաները կգան կմաքսազերծվեն և կշարունակեն երթևեկել դեպի Վրաստան»:
Նա հայտարարեց, որ Գորիս-Կապանը ճանապարահատվածը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից և այս պահին փակ է, որի վրա նրանք բենզալցակայան են կառուցել:
«Քանի որ ներկա կառավարությունն իր մտքում, պատկերացումների և երևակայության մեջ արդեն իսկ ընդունել է մեր ապագա սահմանները, միգուցե նա այդ տրամաբանության մեջ փորձում է այդտեղ մաքսակետեր շարի, որ ասի՝ տեսեք այստեղ մեր սահմանն է վերջանում կամ սկսվում»,- նկատեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Նա հնարավոր համարեց, որ իրանական մեքենաների համար հայկական կողմը մաքսակետ տեղադրի, քանի որ վերջիններս սովորաբար թաքստոցներում էժան վառելիք են փորձում անցկացնել Հայաստան, իսկ հայ մաքսավորները նրանց ստիպում են այն թափել սահմանին և չբացառեց, որ որոշ քանակով մեքենաներ օգտվեն Մ2 ճանապարհին կառուցված ադրբեջանական էժան բենզալցակայանից:
«Իսկ եթե պարսկական մեքենան այդ հատվածում անցնում է ևս մեկ մաքսակետ, ապա այդ բեռի սեփականատերն այդ լրացուցիչ մաքսի արժեքն ավելացնում է իր բեռի արժեքի վրա և վաճառում ՀՀ քաղաքացու վրա»,- բացատրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ կրկնելով, որ կրկնակի մաքսակետ անցնելու դեպքում Իրանի քաղաքացին այդ գումարը բաշխում է իր բեռի արժեքի վրա, որը վճարում է ՀՀ քաղաքացին:
Վահե Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհը մշտապես խցանումների մեջ է, և եթե մեկ մեծ բեռնատար է փորձում մտնել ոլորանի մեջ, ապա այնտեղ արգելափակվում են բոլորը և հոսքի մեծացման պատճառով այդ հատվածը 2-3 ժամում են անցնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան