Հասարակության մեջ արմատավորվել է տարօրինակ հիվանդություն՝ մարդկանց ոչ մի սպառնալիք չի սթափեցնում. Մանասերյան
«Վերջին մեկ տարվա ընթացում մեր հասարակության մեջ արմատավորվել է մի տարօրինակ հիվանդություն՝ մարդկանց ոչ մի սպառնալիք չի սթափեցնում»,- ասուլիսում մտահոգությունը ներկայացրեց տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը և հույս հայտնեց, որ գոնե հասարակության գիտակից հատվածը կմիավորի և կպահանջի կալանավորվածների ազատությունը:
Նրա կարծիքով՝ կալանավորվածներն այն մարդիկ են, որոնք կարող են հանդուրժել ցանկացած ցավ, զրկանք, բայց չեն կարող հանդուրժել այն վիճակը, որում բոլորն են գտնվում և այդ անհանդուրժողականությունը վախեցնում է իշխանությանը:
«Նման կալանավորումները խոսում են իշխանության խեղճության մասին, ես կասեի՝ հոգեվարքի սկզբի մասին, սրանք այդ հիվանդության ախտանշաններն են»,- նկատեց պրոֆեսորը:
Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ իշխանությանը ծանոթ չէ և չի էլ ցանկանում ծանոթ լինել այդ տեսակի հետ, բայց իր համար հստակ է, որ կառավարության ղեկավարը իր տուն է հրավիրել կեղեքիչների և ուզում է, որ այդ կենսակերպը տարածվի ամբողջ երկրով մեկ:
«Ինքը վաճառքի է հանել իր արժանապատվությունը և ուզում է նույնը պարտադրել մեր ազգաբնակչությանը և, բնավ հայի կերպարին հարիր գծեր չունենալով, ուզում է նենգափոխել հայի կերպարը»,- ասաց Մանասերյանը:
Բանախոսը նկատեց, որ այսօր տարբեր ակցիաներ են լինում և պարտադիր չէ, որ դրանք մի քանի հազար լինեն, բայց կարևոր է, որ այդտեղ լինեն մարդիկ, որոնք իրենց երկրի լիիրավ տեր են զգում:
Ըստ Մանասերյանի՝ Էական չէ, թե ով է կազմակերպիչը, այլ կարևորը է, թե խոսքը ի՞նչ վիճակից դուրս գալու մասին է:
«Չեմ կարող չանդրադառնալ նաև այն հանգամանքին, որ Հայաստանում լռում են հարյուրավոր, եթե չասենք՝ հազարավոր տիտղոսավոր մարդիկ, որոնք այլապես կուրծք ծեծելով իրենց համարում են հայտնիներ, մտավորականներ, աշխարհահռչակներ: Այդ մարդիկ փառքի մուրացկաններ են, և նրանք, որոնք ուզում են, որ այս որակումը իրենց չկպչի, թող ձայն հանեն, ասեն, որ իրենց սիրտը ցավում է այս իրավիճակի համար և հատկապես այն մարդկանց համար, որոնք հանձն են առել երկիրը պահել»,- ասաց Մանասերյանը:
Նա գտնում է՝ նման մարդիկ պետք է գոնե խոսքով ասեն, որ իրենք էլ են իրենց երկրի տեր զգում, այլապես ստացվում է, որ նրանք տնվորի հոգեբանություն ունեն:
«Կապ չունի, թե իրենց ինչ կոչումներ, ինչ աստիճաններ ու շքանշաններ են շնորհվել: Փառքի մուրացկանները պետք է մեր պարսավանքին արժանանան, թեկուզ, արհամարհանքի տեսքով»,-հայտարարեց Թաթուլ Մանասերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին