Պատերազմից ավելի քան մեկ տարի անց վերջին հրաժեշտը տվեցին հրետանավոր Հայկ Մելիքյանին
Ղարաբաղյան երրորդ պատերազմի ավարտից մեկ տարի մեկ ամիս անց՝ այսօր Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հարազատները, ընկերները վերջին հրաժեշտը տվեցին պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանին։
Որդու աճյունը պետական մարմինները մորը՝ Նաիրիա Մելիքյանին են հանձնել օրեր առաջ։
Ուղիղ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 2-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 աճյուն: Հայկի մասունքը եղել է այդ աճյունների թվում։
«Այդ օրը երազում Հայկս եկավ, ասաց՝ մամա, ես Երևանում եմ»,-պատմել է մայրը։
2001 թ. ծնված Հայկը բանակ է զորակոչվել 2019-ի հուլիսի 25-ին։ Նախ եղել է Մատաղիսում, ապա տեղափոխվել Ստեփանակերտի Ցոր կոչվող զորամաս, եղել է հրետանային դիվիզիոնի առաջին մարտկոցի զինվոր։
Նա ընտանիքի միակ զավակն էր, չնայած դրան մայրը, Հայկը որևէ անգամ չեն մտածել զինծառայությունից խուսափելու մասին։
Վերջին անգամ մայրը որդու հետ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։
«Մեր երեխաները եղել են լավ հրետանավորներ՝ ճշգրիտ հաշվարկներով ճիշտ խոցումներ են իրականացրել։ Իմ տղան, որ չի սիրում իրեն գովել, այդ օրն ասաց՝ մամա, բոլորը ռացիաներով մեր մասին էին խոսում»,-մի անգամ պատմել է մայրը։
Հայկն ու ծառայակից ընկերները զոհվել են Հադրութում՝ Ջուվառլու կոչվող հատվածում։ Հայկի մայրը պնդում է՝ հրամանատարության մեղքով են իրենց երեխաները սպանվել, չի եղել հետախուզություն, չեն եղել իրավիճակի մասին տվյալներ, եղել է առաջ գնալու վերաբերյալ սխալ հրաման։ Մայրը նույնիսկ պնդում է՝ հրամանատարներն առաջին են փախել, բախտի քմահաճույքին թողել 21 զինվորներին։
«Ցորի զինվորների բոլոր ծնողները շատ ակտիվ են եղել, այս 21 երեխաների ծնողները յուրահատուկ էին, չընկրկեցին, հետ չկանգնեցին։ Խմբի մյուս երեխաներին մենք ենք փնտրել, գտել, եթե ակտիվ չլինեին, այս իշխանությունները որևէ բան չեն արել»,-պատմել էր Հայկի մայրը, որ որդու անհետ կորած լինելու առաջին ամիսներին ուշաթափ վիճակում է եղել։
Այսօր ավելի ուշ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսովորիչ եկեղեցում հարազատները, մետրիմները, ընկերները վերջին հրաժեշտը կտան Հայկի ծառայակից ընկերներին, որոնք համարվում էին անհետ կորած։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն
- Անհետ կորածների հարազատներ. Արդյունքը կլինի մեր երեխաներին գտնելը
- «Մինչև մեզ չընդունի ԱԱԾ տնօրենը, այստեղից չենք գնալու, համբերությունը սպառված է»
- Անհետ կորած զինծառայողների հարազատները ԱԱԾ շենքի դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի