Մեր զինվորների աճյունները հողի մեջ դրված ավելի մեծ ուժ են տալու այս հողին, քան շատ ողջ մարդիկ. Տեր Հակոբ
«Հարագնա ժամանակի մեջ մեր կյանքը մի ակնթարթի է նման, բայց այդ ակնթարթից կախված է շատ բան: Այդ ակնթարթը մարդիկ կարող են այնպես ապրել, որ բեռ դառնան այս աշխարհում, մարդիկ կան, որ այդ ակնթարթը կարող են դարձնել հավիտենություն»,- Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Արցախյան պատերազմում զոհված ու ավելի քան մեկ տարի անհետ կորած համարվող «Ցոր» զորամասի հրետանավորներին վերջին հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Նրա խոսքով, երկու իրողությունների առջև էլ միշտ կանգնում ենք:
«Մեր կյանքում կան մարդիկ, ովքեր ապրում են, հնարավոր է շատ ապրեն, բայց իրենց կյանքն ընդամենը ուրիշի բաժին թթվածինը շնչելով պայմանավորված լինի, ցավ, վիշտ, տառապանք անհաջողություն բերի ուրիշների կյանքում, իսկ կան մարդիկ, ովքեր, շատ հնարավոր է քիչ ապրեն, բայց իրենց կյանքի իմաստը, արժեքը, նպատակն ունենան, ոտնահետք լինի: Մեր զինվոր եղբայր երեխաները քիչ ապրեցին, նոր կյանքի լուսաբացի առջև էին, բայց իրենք այդ մի ակնթարթը դարձրեցին հավերժություն: Քրիստոսի նահատակության օրինակով մեր զինվոր եղբայրները նահատակվեցին, իրենք սխրանք գործեցին»,- նշեց քահանան:
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն ասաց, որ զրույցում էր այդ զորամասի հրամկազմի հետ, որոնք վկայում էին, թե ինչ ներքին համոզում, աշխարհայացք ունեցող տղաներ էին, նույնիսկ ադրբեջանիցների վկայությամբ այս տղաներն իրենց հայրենիքի պաշտպանության գործի մեջ լուրջ հերոսություններ են գործել:
«Այս տղաների հոգիները երկնքում են և խաղաղության մեջ: Իրենք Աստծո մոտ են, իրենք ներկա են մեր երկրում, միշտ են ներկա լինելու մեր երկրում: Իրենց աճյուններն այսօր հողի մեջ դրված ավելի մեծ ուժ են տալու այս հողին, քան շատ ողջ մարդկանց այս հողի վրա կանգնած լինելու հանգամանքը»,- ասաց տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Ուղիղ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 2-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 աճյուն: Այս հերոսների մասունքերն այդ աճյունների մեջ էին...
Հարակից հրապարակումներ`
- Վերջին հրաժեշտը Արցախում ավելի քան մեկ տարի առաջ զոհված հրետանավորներին
- Պատերազմից ավելի քան մեկ տարի անց վերջին հրաժեշտը տվեցին հրետանավոր Հայկ Մելիքյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան