Project LA-ի նոր երգը՝ արևմտահայերեն
«PROJECT LA» նախագիծը նշում է իր 6-ամյակը, ինչի կապակցությամբ իր լսարանին է ներկայացրել երգացանկի միակ արևմտահայերեն երգը Միսաք Մեծարենցի «Ցայգանվագ» բանաստեղծության հիման վրա։ Երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է։
Երգը կատարում է Գոռ Սուջյանը, գործիքավորումը՝ Խաչիկ Սահակյանի, ռեժիսոր և պրոդյուսեր՝ Սուրեն Սահակյան։ Տեսահոլովակի մտահղացումը՝ Արմինե Անտիկյանի։
Project LA երաժշտական հեղինակային նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին տնտեսագետ Լևոն Արևշատյանի (LA) կողմից։ Նախագծի երգացանկը բաղկացած է բացառապես Լևոն Արևշատյանի երգերից՝ Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, Պարույր Սևակի, Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների, ժամանակակից գրողներից Ավետ Բարսեղյանի, իսկ ամերիկյան և անգլիական գրականությունից Լորդ Բայրոնի, Էմիլի Դիքինսոնի, Էդգար Ալլան Պոյի ստեղծագործությունների հիման վրա։ Առաջին հայալեզու երգը գրվել է Վահան Տերյանի «Կարոտ» բանաստեղծության հիման վրա։
Խմբի առաջին ալբոմը՝ «Imitation», թողարկվել է 2016 թվականին, բաղկացած է եղել 8 անգլալեզու երգերից։ Հայալեզու երգերով առաջին ալբոմը թողարկվել է 2017 թվականին։
2021 թվականին, ի նշանավորումն Արցախյան երրորդ պատերազմի նահատակների անմար հիշատակի, խումբը թողարկել է «Ռեքվիեմ»-ը, որի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։ Հեղինակը բառախաղի միջոցով օգտագործել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը հետմահու արժանացած Ալեն Մարգարյանի անունը՝ այն ներկայացնելով երկու բաղադրիչի տեսքով՝ «ալ են»։