Մենք ավանդույթ ունենք՝ աշխատել բաց. Թագուհի Թովմասյանը չընդունեց Անդրանիկ Քոչարյանի առաջարկը
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդես է եկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ նա ասաց, որ նախնական տարբերակով առաջարկվում է օրենքի կետը խմբագրվի հետևյալ կերպ՝ պայմանագրային զինծառայողների ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովում են ծառայողական բնակարաններով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
«Ստացել ենք բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ զինծառայողներն օգտվում են կառավարության կողմից իրենց վերապահած իրավունքից, արտոնությունից, ստանում են փոխհատուցում, բայց երբեմն ստանալու կարգում ստիպված են լինում օրենք խախտել և այդ խախտման համար 81 քաղաքացի որպես մեղադրյալ են ներգրաված տարբեր գործերով:
Խնդիրն այն է, որ շատ դեպքերում այնտեղ, որտեղ բնակվում է զինծառայողը, սեփականատերը չի համաձայնվում պայմանագիր կապել, զինծառայողը ստիպված է լինում այլ բնակելի տարածքի համար պայմանագիր կապել, բայց փաստացի բնակվում է այլ տարածքում: Դրա համար իրավապահ մարմինները գտել են, որ կա կոնկրետ օրինախախտում, քրեական գործ են հարուցել:
Առաջարկում ենք, որպեսզի այևս զինծառայողն անհրաժեշտություն չունենա վարձակալության պայմանագիր ներկայացնել: Եթե ներկայացում է կադաստրի կոմիտեից տեղեկանք սեփականություն չունենալու, հաշվառում չունենալու վերաբերյալ, համարենք բավարար: Այդ դեպքում զինծառայողը հնարավորություն կունենա ստանալ փոխհատուցում, լրացուցիչ քաշքշուկների առաջ չհայտնվի, ստիպված չդառնա օրինախախտ քաղաքացի»,- նման նախագծով հանդես գալու նպատակը ներկայացեց Թ. Թովմասյանը:
Քննարկմանը ներկա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ սա աշխատանքային քննարկում է, ունի իր տրամաբանությունը, առաջարկեց քննարկումն անցկացնել փակ:
«Անցկացնեք պարզապես որպես աշխատանքային քննարկում, ինչպես անում ենք մենք մեր հանձնաժողովում՝ փակում ենք մեր հանձնաժողովի նիստերը, ժամերով քննարկում ենք հարցեր»,- ասաց նա:
Թ. Թովմասյանը հակադարձեց՝ նշելով, որ քննարկում են զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր, և իրենց հանձնաժողովն ունի ավանդույթ՝ հիմնականում աշխատել բաց ռեժիմով, չի կարծում այստեղ որևէ խնդիր կա, որևէ մեկը կկաշկանդված է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում