«Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի հայաստանյան պրեմիերաներ
Դեկտեմբերի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի տարեվերջյան՝ «Ձմեռնամուտի համերգը»։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները Հայաստանում կկատարվեն առաջին անգամ։ Ծրագրում Գ․ Հոլսթի, Պ․ Հինդեմիթի, Դ․ Լիգետիի, Վ․ Տորմիսի, Ա․ Պյարտի, Վ․ Բուխենբերգի, Մ․ Օստրժիգայի ստեղծագործություններն են։ Այս մասին հայտնում են Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից:
«20-րդ դարի արեւմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային երաժշտության յուրատեսակ էքսկուրս է լինելու։ Նրանք ստեղծագործել են նույն ժամանակաշրջանում, սակայն խոսել են «տարբեր» լեզուներով, տարբեր մտածողությամբ ու մոտեցումներով», - նշում է խմբավար Նարինե Ոսկանյանը։
Համերգի առանձնահատկություններից մեկը լեզուների բազմազանությունն է․ հնչելու են գործեր ֆրանսերենով, անգլերենով, լատիներենով, ինչպես նաեւ հունգարերենով եւ էստոներենով։
Համերգը նվիրված է Երեւանի պետական կոնսերվատորիայի 100-ամյակին։