Հունվարի 1-ին կառավարությունը կասի չպատվաստվածներին վճարովի, կամ անվճար բուժելու իր որոշման մասին
«Տրանսպորտի հարցն առաջիկա միջգերատեսչական հանձնաժողովում բարձրաձայնելու եմ, վերահսկողական մասով մենք մեր կարգապահությունը պետք է մեծացնենք»,-անդրադառնալով տրնասպորտում հակահամաճարակային պահանջների պահպանման խնդրին կառավարության ճեպազրույցների սրահում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ այդ հարցով ոստիկանապետի հետ մշտական կապի մեջ է, բայց գտնում է, որ ոստիկանապետն իր հորդրորի կարիքը չի տեսնում։
Ըստ Ավանեսյանի՝ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ամենայն լրջությամբ մոտենա իր գործառույթների իրականացմանը։
«Սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն, հակառակ դեպքում՝ կան սանկցիաներ»,-ասաց նա։
Նախարարն անդրադարձավ նաև սահմանափակումների վերաբերյալ ռեստորաններրի տերերի դժգոհություններին և ընդունեց, որ համաճարակը ճնշում է և՛ առողջապահական համակարգերին, և՛ տնտեսություններին, և ազգային անվտանգության առումով է լուրջ մարտահրավեր է, բայց եթե չիրականացվեն սահմանափակող միջոցառումները վիճակը ավելի կվատանա։
«Այսինքն ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս պաշտպանելու առաջին հերթին մարդկանց կյանքն ու առողջությունը, բայց նաև՝ հենց տնտեսությունը»,-ասաց նախարարը։
Անահիտ Ավանեսյանը կրկին արդարացրեց սանիտարական ուղղաթիռով իր գործուղման մեկնելը՝ շեշտելով որ շտապ անհրաժեշտ դեպքերում դրանք օգտագործվել են և օգտագործվելու են։
Նախարարը հայտնեց, որ կառավարությունը դեռ չի հստակեցրել՝ չպատվաստված քաղաքացիներին կորոնավիրուսից բուժումն անվճա՞ր, թե՞ վճարովի կիրականացնի, այդ ուղղությամբ քննարկումներ են գնում:
Նա հավաստիացրեց, որ սոցիալապես անապահովներն ու այն շահառուները, որոնք պետության հոգածության ներքո են, բուժումն անվճար կստանան։
«Մենք առաջարկներն ամփոփված կերպով, քննարկման արդյունքում հունվարի 1–ին կհանրայնացնենք, և մեր հետագա քաղաքականությանն այս առումով դուք տեղյակ կլինեք»,- չպատվաստվածներին վճարովի բուժելու որոշման մասին ասաց Անահիտ Ավանեսյանը։