ՄԱԿ-ը հայտնել է, որ աշխարհում մոտ 45 միլիոն մարդ կարող է սովի մատնվել
Ավելի քան 45 մլն մարդ 43 երկրից կարող են բախվել սովի խնդրին: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունն, այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով վարչության՝ 2022 թվականի Համաշխարհային հումանիտար տեսության մեջ:
«Ծայրահեղ աղքատությունը կրկին աճում է… Քաղցը շարունակում է սարսափելի հեռանկար լինել 45 մլն մարդու համար 43 երկրից»,- ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ աշխարհի առավել կարիքավոր բնակչությանն օգնություն տրամադրելու համար 41 մլրդ դոլար կպահանջվի: Ընդհանուր առմամբ, 274 մլն մարդ աշխարհում 2022 թվականին կբախվի անհապաղ օգնության և պաշտպանության անհրաժեշտությանը, ինչը 17 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա տեսության տվյալը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտինա Գրիֆիթսի խոսքով՝ կլիմայական փոփոխություններով պայմանավորված ճգնաժամն առաջին հերթին և առավել շատ հարվածում է բնակչության ամենախոցելի խմբերին: Գրիֆիթսը հավելել է, որ անկայունությունը խորանում է աշխարհի տարբեր մասերում՝ մատնանշելով Աֆղանստանը, Մյանմարը և Եթովպիան:
Փաստաթուղթը ներառում է արձագանքման 37 ծրագիր 63 երկրի համար, այդ թվում՝ Աֆղանստանի, Հայիթիի, Եմենի, Իրաքի, Կոլումբիայի, Լիբիայի, Մալիի, Մյանմարի և Ուկրաինայի: