Այս փուլում քննարկվում են երթուղիները սահմանով անցնելու գործընթացները. ՏԿԵ փոխնախարար
«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ իրենք երկաթգիծ են կառուցում և արդեն գնացքով շարժվում են։ Ես չեմ ուզում հղում կատարել ադրբեջանական լրատվամիջոցներին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից երկաթգիծ կառուցելու վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններին և տեսանյութերին:
Ըստ նրա, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվում է, որ պետք է տեղի ունենա տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն 4 կետով նախանշվել են այն մեխանիզմները, որոնց հիման վրա պետք է այդ ամեն ինչն առաջարկվի.
«Այսինքն՝ ստեղծվում է եռակողմ աշխատանքային խումբ ամեն կողմի փոխվարչապետերի գլխավորությամբ և ուսումնասիրվում են տարբեր երթուղիներ: Հունվարի 11-ի հայտարարության մեջ նշված է՝ որպես առաջնահերթություն դիտարկվում է երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները»։
Արմեն Սիմոնյանն ասաց, որ երկաթուղու մասով ուղղությունները պարզ են. «Մեկը Երասխից դեպի Նախիջևան գնացող ուղղությունն է, մյուսը հարավային հատվածով անցնող ուղղությունն է, մեկ այլ ուղղություն՝ Հրազդանից Իջևանով դեպի Ադրբեջան, ունենք ուղղություն, որն այսօր գործում է՝ Վրաստանի տարածքով է, և ևս մեկը ունենք, որը գնում է դեպի Թուրքիա։
Կոնկրետ Ադրբեջանի հետ մենք ունենք Երասխի, Հրազդանի և Մեղրիի հատվածով անցնող ուղղությունները։ Այս փուլում քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները, որևէ հստակություն դեռ չկա»։
Նա ընդգծեց, որ խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է:
«Ադրբեջանի տարածքով մենք կապ ենք ստանալու Ռուսաստանի հետ՝ երկաթուղային և ավտոմոբիլային, Նախիջևանի տարածքով Իրանի հետ: Սրանք են հիմնական ուղղությունները, որոնք հնարավոր է այս պարագայում ապաշրջափակել»,- ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։