Անկարան եվրոպական իրավապահ մարմիններին կոչ է անում խուսափել Թուրքիայի վրա ճնշումներից
Հինգշաբթի Թուրքիան Եվրոպայի խորհրդին կոչ է արել խուսափել Անկարայի վրա ցանկացած ճնշում գործադրելուց՝ կապված Փարիզում ծնված թուրք գործարար և քաղաքացիական ակտիվիստ Օսման Քավալայի գործով նախատեսված վճռի հետ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են եվրոպական լրատվամիջոցները:
«Ընթացիկ դատական գործընթացի նկատմամբ հարգանքի սկզբունքից ելնելով` մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին խուսափել որոշումներ կայացնելուց, որոնք կարող են դիտվել որպես միջամտություն դատական համակարգի անկախությանը»,- Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունից մեջբերում է արել մամուլը։
Թուրքիայի շուրջ դիվանագիտական սկանդալը ծագել է հոկտեմբերին, այն բանից հետո, երբ Գերմանիայի, Դանիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի դեսպանները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին «շուտափույթ և հնարավորինս արդարացիորեն լուծել Քավալայի հարցը», որը երկար ժամանակ բանտում է՝ առանց մեղադրական վճռի կայացման։
Նրանք նշել են, որ Քավալայի կալանավորման շարունակումը «ստվեր է գցում» Թուրքիայի վրա։ Դրանից հետո այս տասը երկրների դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ։ ԱԳՆ-ն համարել էր, որ այդ հայտարարությունը հակասում է դիվանագիտական պրակտիկային և այն անվանել է անընդունելի։
Փարիզից 64-ամյա թուրք հումանիստ և ակտիվիստ Օսման Քավալան, որը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է, 2017 թվականից գտնվում է Թուրքիայի բանտում՝ առանց որևէ դատավճռի։ Նա մեղադրվում էր 2013 թվականին հակակառավարական ցույցերին մասնակցելու, ինչպես նաև 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են