Ներհանրապետական երթուղիները սպասարկողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի 100,000 դրամ տուրք վճարել
«Մինչև 2014 թ. կանոնավոր ուղևորափոխադրում կազմակերպելը լիցենզավորման ենթակա գործունեություն էր և այն տրվում էր անժամկետ, որի համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված է 100 հազար դրամ տարեկան տուրք»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ զեկուցելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ 2014թ-ից լիցենզավորման պահանջը հանվել է, բայց տարեկան պետական տուրքի պահանջը պահպանվել է և ստացվում է, որ ամեն տարի կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունը վճարում է 100 հազար դրամ տուրք:
Սիմոնյանը հայտնեց, որ կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման դեպքում պետք է լինի մեկանգամյա տուրք ամբողջ ժամանակահատվածի համար, քանի որ միջպետական և ներհանրապետական կանոնավոր երթուղիները սպասարկող կազմակերպություներին ընտրության մրցութային կարգերով սպասարկման իրավունքը տրվում է որոշակի ժամկետով:
«Նախագծով նախատեսվում է կանոնավոր երթուղիների տարեկան սպասարկման տուրքը փոխարինել սպասարկման իրավունքի տրամադրման համար մեկանգամյա պետական տուրքով»,- հայտնեց փոխնախարարը:
Վերջինս ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանի հորդորով ավելի պարզ ներկայացրեց օրենքի նախագծի նպատակը՝ ասելով, որ դրա ընդունման դեպքում միջպետական և ներհանրապետական կանոնավոր երթուղիները սպասարկող ընկերությունը ոչ թե տասն անգամ 100 հազարական դրամ կվճարեն, այլ դրա փոխարեն՝ մեկ անգամ 100 հազար դրամ:
Հանձնաժողովը քվեարկությամբ հաստատեց օրենքի նախագիծը և այն հրատապ ռեժիմով քննարկելու առաջարկը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում