Բազմաթիվ փաստաբաններ միացել են ի պաշտպանություն դատավոր Նախշքարյանի ակցիային
Փաստաբաններն ու իրավաբանական համայնքի ներակայացուցիչները ֆեյսբուքյան տիրույթում ի պաշտպանություն դատավոր Զարուհի Նախշքարյանին, որին ԲԴԽ-ն Նիկոլ Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու կապակցությամբ խիստ նկատողություն հայտարարեց, ակցիա են իրականացնում՝ հայտարարելով, որ իրենք անկախ դատարանի կողմնակիցն են։
Փաստաբան Միքայել Շխիմյանը գրում է.
«Հարգելի ընկերներ, ինչպես գիտենք ԲԴԽ-ն վարչապետի փաստաբան Գյոզալյանի մատնության հիման վրա, վարչապետի արդնախի որոշմամբ հարուցված վարույթով խիստ նկատողություն հայտարարեց՝ քաղաքացիական գործերով զբաղվող ընկերներիս բնորոշմամբ լավագույն և անկախ դատավորներից Զարուհի Նախշքարյանին։ Նույնիսկ ԲԴԽ դատավոր անդամներից չդիմացան այդ ճնշմանը' կողմ քվեարկելով այդ աբսուրդ որոշմանը։
Հիմա հերթը վարչապետի մյուս պատվիրակի՝ հանրային խորհրդի նախագահ, Ստյոպիկ Սաֆարյանի մատնագրի հիման վրա նույն վարչապետի նախարարի հարուցած վարույթի քննության հերթն է, որը կայանալու է դեկտեմբերի 13֊ին։ Համակարգում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ԲԴԽ-ին հանձնարարված է ամեն գնով դադարեցնել դատավորի լիազորությունները՝ մի հատ հերթական նկատողությունը հայտարարելով, ԲԴԽ ներսում էլ մեկմեկու համոզել են ու քաջալերել են դերերի բաշխմամբ կողմ քվեարկել հերթական որոշմանը։
Անձամբ ես դատավոր Նախշքարյանին չեմ ճանաչում, կյանքում դժվար էլ քաղգործով նրա հետ առնչվեմ, միայն գիտեմ, որ նա եզակի անկախ դատավորներից մեկն է։
Եթե չկանգնենք անկախ դատավորի կողքին, որևէ մեկս իրավունք չենք ունենալու դժգոհելու այս կամ այն դատավորից։
Փաստաբանի մասնագիտությունն առանց անկախ դատարանի հեռանկար չունի, կարծում եմ բոլորս պետք է հետաձգենք բոլոր կարևոր գործերը ու փաստացի գործադուլ հայտարարելով պետք է մասնակցենք այդ նիստին։
#Եսանկախդատարանիկողմնակիցնեմ»։
Արձագանքելով գրառմանը հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. «Սա մեկ դատավորի հարց չէ... Սա իշխանության երրորդ ճյուղի նշույլներ առհասարակ ունենալ-չունենալու խնդիր է»։
Գրառման ներքո փաստաբան Գեորգի ՄԵլիքյանը գրել է.
«Միանում եմ և կոչ եմ անում փաստաբաններով միավորվել և որպես ներկայացուցիչ մասնակցել նիստերին խափանել ապօրինի նախաձեռնությունը»։
«Միանում եմ: Ինձ համար կրկնակի աբսուրդի թատրոն է այս քննությունը, քանի որ ես եմ հանդիսացել հայցվորի ներկայացուցիչը, և ինձանից լավ որևէ մեկը տեղյակ չէ գործի քննությունից: Դեռ փորձում եմ զսպվածություն դրսևորել, բայց չեմ խոստանում, որ երկար եմ դիմանալու»,- մանրամասնել է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։
«Գալիս եմ։ Բոլոր փաստաբան ընկերներս էլ են գալիս»,- արձագանքել է մեկ այլ փաստաբան՝ Գրիգորի Պողոսյանը։
«Ես՝ փաստաբան Ռուզաննա Հովհաննեսյանս, փաստաբանական տասնյակ տարիների ընթացքում դատական նիստերով շփվել եմ տարբեր դատավորների հետ և կարող եմ ասել, որ վկան եմ եղել ինչպես նրանց կողմից իրականացվող դատավարությանը, այնպես էլ կյանքի կոչված արդարադատությանը..... Այս իմաստով պատրաստ եմ ողջունելու դատավոր Նախշքարյանի կողմից իրականացվող դատական պրոցեսները և, իհարկե, կայացրած իրավաչափ վճիռները: Ողջունեւմ եմ Նախշքարյանին և առաջարկում եմ հանգիստ թողնել վերջինիս, իսկ դստական համակարգը համալրել Նախշքարյաններով»,- նշել է Ռուզաննա Հովհաննիսյանը։
«Միանում եմ դատավոր Զարուհի Նախշքարյանին աջակցելու իմ ընկեր Միքայել Շխիմյանի կոչին»,- նշել է Մամիկոն Մանուկյանը։
«Մենք մի քանի փաստաբան ընկերներով կգանք»,- գրել է Վարազդատ Հարությունյանը։
«Միանում եմ»,- նշել են հայտնի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը, Լիպարիտ Սիմոնյանը և ուրիշներ։
«Անձամբ եմ ճանաչում, միանշանակ ինքնատիպ, սեփական դեմք ունեցող, ուղղամիտ և համարձակ դատավոր է: Հորդորում եմ սթափ մտածող գործընկերներիս զերծ մնալ տարաբնույթ միջամտություններից, այս տեսակը անհրաժեշտ է հենց դատական իշխանության խաթարված հեղինակության վերականգնման համար»,- գրել է արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
- Զարուհի Նախշքարյանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց
- ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
- ԲԴԽ անդամներից Ստեփան Միքայելյանը չի մասնակցի Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ վարույթի քննությանը
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացվել. ԲԴԽ