Լիլի Չուգասզյան-100. Բանախոսների թվում են նաև Տիգրան Մանսուրյանը, Հասմիկ Պապյանը
Դեկտեմբերի 5-ին Երևանի պետական կոնսերվատորիայում Oպերային ստուդիայում տեղի կունենա XX դարի աշխարհահռչակ կոնտրալտո Լիլի Չուգասզյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը, որի ամբողջ գեղարվեստական համադրումն արել է Հասմիկ Պապյանը։
Լիլի Չուգասզյանը 1960-1980-ական թվականներին երգել է Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայում (290 ներկայացում)։ Համագործացել է մեծագույն դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանի, Լեոնարդ Բերնստայնի, անվանի երգիչներ Լուչիանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի, Մոնսերատ Կաբալյեի և ուրիշների հետ։
ԵՊԿ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ համերգին կնախորդի երգչուհու անձնական արխիվից լուսանկարների ցուցադրություն, կցուցադրվեն Լիլի Չուգասզյանի կատարումների և հարցազրույցների տեսագրությունները, ընտանիքի տեսաուղերձները։ Համերգի ընթացքում հանդես կգան տարբեր սերունդների մեցցո-սոպրանոներ, այդ թվում՝ կոնսերվատորիայի ուսանողուհիներ։ Միջոցառման բանախոսների թվում են Տիգրան Մանսուրյանը, Հասմիկ Պապյանը, Լիլի Չուգասզյանի ընտանիքի անդամները։