
ՄԱԿ-ը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցողներին կոչ է անում կրկնապատկել իրենց ջանքերը
Իրանի հետ բանակցությունների մասնակիցները պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը, որպեսզի վերջապես վերադառնան Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացմանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք բոլոր բանակցողներին կոչ ենք անում կրկնապատկել իրենց ջանքերը՝ հասնելու այդ պայմանավորվածությունների իրականացմանը»,-ասել է նա՝ պատասխանելով Վիեննայում խորհրդակցությունների հաջորդ փուլի արդյունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիրքորոշման մասին հարցին։
Դյուժարիկը նշել է, որ ինքը որևէ կանխատեսում չի անի վերսկսված բանակցային գործընթացի հեռանկարների վերաբերյալ և չի ուզում «ցատկել բանակցություններն առանց էական արդյունքի ավարտված լինելու ենթադրությունից դեպի այնտեղ, երբ իրավիճակը չի կարող լուծվել դիվանագիտական ճանապարհով»։