Հակոբյան Միկոյանի ծննդյան օրվա ակնկալիքը. ընդամենը մեկ պարկ աղբ՝ Ձեր մարզից, համայնքից ու բակից
Դեկտեմբերի 11-ին ռադիոինժեներ, զինվորական, « Չնախատեսված վայրում #Աղբ_թափելն_ամոթ_է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանի ծննդյան օրն է։
Ինչպես մեզնից յուրաքանչյուրը, նա ևս այդ օրն սպասում է նվերների: Նրա ակնկալիքը, սակայն, տարբերվում է իր էությամբ ու բովանդակությամբ:
«Այդ օրը ես մեկ ակնկալիք ու մեկ սպասում ունեմ Երկիր մոլորակի ցանկացած անկյունում ապրող ծանոթ-անծանոթից. ընդամենը մեկ պարկ աղբ՝ Ձեր մարզից, համայնքից ու բակից: Համարեք, որ դա կարող է լինել Ձեր լավագույն «նվերը» մեր երկրին, հողին, ինձ ու նաև ինքներդ ձեզ»,- Panorama.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց Հակոբ Միկոյանը՝ բոլորին հորդորելով դեկտեմբերի 11-ին միանալ « Չնախատեսված վայրում #Աղբ_թափելն_ամոթ_է» նախաձեռնությանը:
Թե որտե՞ղ, ո՞ր ժամին ու ի՞նչ ծավալի աղբ կհավաքվի, յուրաքանչյուրն ինքը կարող է որոշել: Նախաձեռնությունը հաջողելու ու հոբելյարին նվերները փոխանցելու միակ նախապայմանը հավաքված աղբի լուսանկարները ֆեյսուքյան անձնական էջերում տեղադրելն է՝ չմոռանալով նշել Հակոբ Միկոյանին և նախաձեռնության հեշթեգը՝ #Աղբ_թափելն_ամոթ_է:
Ցանկացողները կարող են նաև հավաքած աղբի լուսանկարները հասցեատիրոջն ուղարկել անձնական հաղորդագրությամբ: Հակոբի խոսքով՝ նախաձեռնության գաղափարն առաջացել է շուրջ երկու տարի առաջ՝ ծննդյան նախօրեին: 2019-ի դեկտեմբերին Հակոբի մաքրապատման կոչին միացել են շատերը թե՛ Հայաստանի ամենատարբեր համայնքներից, թե՛ արտերկրից: Համակիրների մի խմբի հետ Հակոբը ծննդյան օրը «նշել» է Երևանի Բուսաբանական այգում՝ աղբից ձերբազատելով այգին: Մյուսները մաքրապատման աշխատանքներ են իրանացրել իրենց բնակության վայրերում, չմոռանալով հրապարակել հավաքած աղբի լուսանկարները ֆեյսբուքյան հարթակում:
«Այդ օրը ես երջանիկ էի «նվերների» առատությունից. 50 պարկ աղբ՝ ծանոթ և անծանոթ քաղաքացիներից և մեկ բեռնատար աղբ՝ Բուսաբանական այգու տարածքից»,- նշում է զրուցակիցս: Նախաձեռնության հեղինակն այս տարի «նվերների» ավելի մեծ քանակ է ակնկալում. այդ մասին արդեն իսկ նախապես հրապարակային իրազեկել է բոլորին:
«Հույս ունեմ, որ այս տարի ավելի շատ մարդ կմիանա մեր երկրի անկյունները մաքրապատելու իմ առաջարկին: Քանի որ ընկերներիցս շատերն արդեն իսկ միացել են, ուրախ կլինեմ հատկապես անծանոթ մարդկանց միանալու համար»,- ասում է Հակոբն ու հավելում․
«Նույնիսկ աղբը չթափելով կամ ընդամենը ծխախոտի մեկ տուփ գետնից վերցնելով ու աղբարկղ նետելով դուք ակամայից կմիանաք իմ նախաձեռնությանը՝ ձեր քայլով նպաստելով բոլորիս համար ավելի քաղաքակիրթ երկիր ունենալուն»:
Երիտասարդի նպատակն է՝ հասնել նրան, որ աղբ հավաքելը դիտարկվի ոչ թե ամոթալի, այլ՝ թրենդային. «Աղբ թափելն ու աղբի մեջ ապրելն է ամոթալի և հենց սա պետք է կաթիլ-կաթիլ տեղ հասցնել հասցեատերերին։ Չ՞է որ #մաքրապատումն ունի նաև դաստիարակչական և կրթական նշանակություն»,- ասում է նա:
Ի դեպ, Միկոյանն ինքն իրեն ու բոլորին խոստացել է ՝ քսան տարի շարունակ հավաքելու և մաքրապատելու է երկիրը։ Արդեն սկսել է մտածել նաև համահայկական մաքրապատման նախաձեռնության իրականացման մասին:
«Եթե ուզում ենք ապրել ավելի բարեկեցիկ երկրում, ապա պետք է սկսենք ինքներս մեզնից՝ փոխելով մեր կյանքի որակը։ Սա պարզապես աղբ հավաքելու գործընթաց չէ, այլ առանձնահատուկ սիրո դրսևորում երկրի, հայրենիքի նկատմամբ:Սա մեզնից յուրաքանչյուրի խոնարհումն ու յուրօրինակ հարգանքի տուրքն է մայր հողին, հանուն որի իրենց կյանքն են զոհաբերել մեր պապերը, հայրերն ու եղբայրները»,- նշում է Հակոբն ու խոստանում՝ դեկտեմբերի 11-ին ողջ օրվա ընթացքում անհամբեր սպասելու է «նվերների»՝ Երկիր մոլորակի ամենատարբեր անկյուններից: