Մահացել է հայ ժողովրդի բարեկամ թուրք առաջադեմ մտավորական Ալի Էրթեմը
Դեկտեմբերի 2-ին Գերմանիայում վախճանվել է հայ ժողովրդի բարեկամ, Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն դատապարտելու ուղղությամբ շուրջ չորս տասնամյակ պայքար ծավալած թուրք առաջադեմ մտավորական Ալի Էրթեմը: Այս մասին տեղեկանում ենք orer.eu կայքից։
Էրթեմն ու իր ընկերները Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու և լուսաբանելու առաջամարտիկներից էին: Պարտադիր աքսորից հետո, Էրթեմն իր ընկերների հետ միասին, Գերմանիայում, հիմնադրեց «Ընդդեմ ցեղասպանության» միությունը (SKD), որի նախագահի պաշտոնը տարիներ զբաղեցրել է Էրթեմը:
Էրթեմը այն բացառիկ թուրք մտավորականներից էր, ով քաջաբար բարձրաձայնել է. «Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, այլև կեղծում է պատմությունը»:
Ամեն տարի, Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով, Էրթեմի գլխավորությամբ օտարերկրյա քաղաքացիներից և հատկապես թուրք մտավորականներից բաղկացած խմբեր էին այցելում Ծիծեռնակաբերդ՝ հայ ժողովրդի միլիոնավոր նահատակների անմահ հիշատակը հարգելու նպատակով: