ԱՄՆ հետախուզությունը պնդում է, որ Ռուսաստանը հունվարին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ԱՄՆ հետախուզական ծառայությունները հայտնում են, որ Ռուսաստանը ծրագրում է 2022 թվականի սկզբին ներխուժել Ուկրաինա: Այս մասին հայտնում է «Associated Press»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրին։
Լրատվական գործակալության զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի հետ սահմանին տեղակայել մինչև 175 հազար զինծառայող, որոնց կեսն արդեն համապատասխան կետերում է։
Աղբյուրը լրատվամիջոցներին պատմել է նաև Մոսկվայի «ծրագրերի» մասին, ըստ որի սահմանամերձ շրջաններ կուղարկվեն մոտ 100 գումարտակային մարտավարական խմբեր՝ զրահատեխնիկայի, հրետանու և անհրաժեշտ տեխնիկայի հետ միասին։
«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ վերջերս արևմտյան լրատվամիջոցները կրկին խոսում են այն մասին, որ իբր Ռուսաստանը ներխուժում է նախապատրաստում Ուկրաինա։ Կիևում սկզբում հերքեցին այս տեղեկությունը և հայտարարեցին, որ չեն արձանագրել ռուսական զորքերի կուտակումները սահմանին, բայց հետո սկսեցին զգուշացնել նաև ծրագրված հարձակման մասին։
Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ նշելով, որ դրանք օգտագործվում են Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի կոնտինգենտի տեղակայումն արդարացնելու համար։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը ագրեսիվ պլաններ չի մշակում և չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա և նրա տարածքում զորքերի տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի։