Հայաստանի ողջ տարածքը կարող է վերածվել միջանցքի. Բենիամին Մաթևոսյան
«Հայաստանում ներքաղաքական գործընթացները շատ պարագաներում բխում են ադրբեջանական կողմի շահերից և իր հստակ արտահայտումն է ստանում»,- ասուլիսում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Օրինակի համար նշեց, որ ձերբակալում են լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին, Ադրբեջանում դա դրական են ընկալում։ Ըստ նրա, ռացիոնալ էլեմենտ կա մտորումներում, որ իշխանությունները փորձում են Սյունիքում որոշակի գործողություններ իրականացնեն, Ա. Մինասյանը, Սյունիքի համայնքապետերը կխանգարեն դրան ու կալանավորում են։
«Գործընթացը ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ. գնում ենք այն ուղղությամբ, ինչի մասին շատերը խոսել են, զգուշացրել, ցավոք սրտի, այդ զգուշացումները հստակ քաղաքական գործընթացների չեն վերածվում»,- ասաց Բ.Մաթևոսյանը։
Նա վստահեցրեց, որ եթե ամբողջ երկրով մեկ կոնսոլիդացվեին համապատասխան ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական, մարդկային ռեսուրսները, անգամ 17 ուժերի շարժման շրջանակում հնարավոր կլիներ քաղաքական գործընթացներին այլ հանգուցալուծում տալ, առնվազն մինչև արտահերթ ընտրությունների չէին հասնի, փոփոխություններ կլիներ այն սցենարով, ինչ առնվազն հայտարարվում էր։
«Բայց տեսանք, որ քաղաքական վերնախավի մեջ չկար համաձայնություն առ այն, թե ինչպիսին պետք է լինի հետփաշինյանական Հայաստանը, և մենք կանգ ենք առել այյն իրողության շրջանակում, երբ որ չենք հասնում այդ հետփաշինյանական Հայաստանին»,- ասաց քաղաքագետը։
Խոսելով միջանցքի մասին, Բ. Մաթևոսյանն ասաց, այն միջանցքը, որի մասին խոսում են ադրբեջանցիները, ի սկզբանե անգամ չի քննարկվել։
«Իհարկե, Ադրբեջանը կուզեր Սյունիքի տարածքով առանց մաքսատուրքեր վճարելու ելումուտ անելու հնարավորություն ունենար, բայց այն միջանցքը, որի մասին խոսում է Ադրբեջանը, որով իշխանությանները վախեցնում են հայ հասարակությանը, քաղաքական դաշտին, այդ միջանցքն ինքնին գոյություն չունի»,- նշեց քաղաքագետը։
Միաժամանակ նա ընդգծեց. «Մի իրողության մեջ ենք ապրում, երբ Հայաստանի ողջ տարածքը կարող է վերածվել միջանցքի»։
Ըստ քաղաքագետի, եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանիցների համար դառնալու է ազատ ելումուտի տարածք, անգամ ներդրումների տրամաբանությունը կամ տարանցիկ երկիր դառնալու իշխանությունների երազանքներն ուղղակի փշրվելու են դաժան իրականության պայմաններում։
Նրա խոսքով, Հայաստանում եթե հետագայում տեսնեն Ստամբուլ առևտրի կենտրոն, պետք չէ զարմանալ, քանի որ դա է լինելու թուրքական կապիտալի ներոսքի դրսևորումներից մեկը. «Այսինքն թուրքական կապիտալն այստեղ դրսևորվելու է խաղատներ, գրավատներ, առևտրի կենտրոններ բացելով, բայց Հայաստանի տնտեսության մեջ ֆունդամենտալ ներդրումներ չեն անելու»։
Քաղաքագետը նշեց, որ այն, ինչ ասվում է Հայաստանում, և այն, ինչ ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպումներին, իրարից տարբերվում են, բայց ռուսական կողմը հետևում է, որոշակի հետևություններ անում։
«Օրինակ, այդ հետևություններից մեկը եղավ երեկ, երբ ՌԴ ԱԳՆ հստակ արձագանքեց Հայաստանի իշխանությունների կողմից տարածվող կեղծիքներին, որոնք հնչում են ՀՀ ԱԺ նախագահի մակարդակով, որ Ռուսաստանը հայկական կողմին ստիպում էր հանձնել ամեն ինչ, դրա փոխարեն չստանալով ոչինչ»,- ասաց Բ. Մաթևոսյանը՝ նշելով, որ այս փոքրիկ իրողություններն, այնուամենայնիվ, ազդում են ՌԴ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունների վրա։
«Ճիշտ է, ՌԴ-ն կայացած պետություն է, ակնհայտ է, որ այստեղ իշխանության ով լինի, ռուսական կողմն աշխատելու է Հայաստանի հետ, քանի որ իրենք աշխատում են ինստիտուտների, պետության, ժողովուրդների հետ։ Բայց փաստ է, որ Հայաստանը լիներ ավելի կանխատեսելի գործընկեր, Հայաստանում լինեին իշխանություններ, որոնք իրենց գործունեության ընթացքում չհարվածեին Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերին տարածաշրջանում, վերաբերմունքը հայկական պետության հանդեպ կլիներ լրիվ այլ»,- ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան