Անակնկալների ակնկալիքով. դեկտեմբերի 4-ը Ձմեռ պապին նամակ գրելու օրն է
Դեկտեմբերի 4-ին նշվում է շատ հետաքրքիր և յուրահատուկ տոն՝ Ձմեռ պապին նամակ գրելու ու նվերների պատվերների օր: Այս տոնը նվիրված է բոլոր նրանց, ովքեր հավատում են ձմեռային հրաշագործին և անհամբերությամբ սպասում են հրաշալի տոնին՝ Ամանորին։
Սովորաբար հենց դեկտեմբերի 4-ին աշխարհի շատ երկրներում փոստերը սկսում են Ձմեռ պապին հասցեագրված նամակներն առաքելու ծառայություններ մատուցել, կամ բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաները և նրանց ծնողները կարող են նամակներ ուղարկել ալեհեր հրաշագործին:
Տոնի օրը շատ տրամաբանական է. շուտով Նոր Տարի է, բոլորը սպասում են հրաշքների և տոնակատարությունների, նվերների և անակնկալների, ամենուր պատրաստվում են Ամանորին, զարդարում են տոնածառեր, տոնական լույսեր…: Եվ հենց հիմա լավագույն ժամանակն է երազանքներ պահելու և Ձմեռ պապին նամակ գրելու համար: Բացի այդ, այս ժամանակահատվածը բավական է, որպեսզի բոլոր նամակները ճիշտ ժամանակին հասնեն հասցեատիրոջը:
Տարբեր երկրներում Ձմեռ պապին տարբեր ձև են անվանում, իսկ նրա նախատիպերը բոլորովին այլ «կերպարներ» են եղել։
Հայաստանում ձմեռային հրաշագործին կոչում են Կաղանդ պապ։ Կաղանդ կամ Կախանդ բառերը ոչ մի կապ չունեն հայերեն «կախել» բառի հետ։ Կաղանդ բառը լատիներեն «calenda-ամսագլուխ» -ն է։ Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում են խլվլիկներն ու արալեզները՝ Արեգ, Անտես, Անի և Երա, Փուշ, Իմաստուն, Եղեգ, Ճտպտիկ, Փառփառ, Ասպետ Չարմազան, Հազարան։ Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։
Պատմաբանները պնդում են, որ Սանտա Կլաուսի (Santa Claus) նախատիպը շատ իրական անձնավորություն է եղել՝ Սուրբ Նիկողայոսիը, ով ապրել է 4-րդ դարում և իր կյանքում շատ բարի գործեր է կատարել, հետևաբար նրա մահից հետո նրան հռչակել են սուրբ։ Ժամանակի ընթացքում «վերափոխվել» է բարի ծերուկի, ով կատարում է բարի ցանկությունները և նվերներ տալիս երեխաներին։ Եվ քանի որ արևմտյան քրիստոնյաների շրջանում նրա հիշատակի օրը նշվում է դեկտեմբերի 6-ին, ասոցացվում է Սուրբ Ծննդյան և Ամանորի հետ։ Ենթադրվում է, որ Սանտա Կլաուսը ապրում է Լապլանդիայում, որը 1984 թվականից ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես հռչակվել է «Ձմեռ պապի երկիր։
Ռուս Դեդ Մորոզը հնագույն ժամանակներից ներկա է եղել արևելյան սլավոնների բանահյուսության մեջ Տրեսկուն, Մորոզկո, Ստուդենեց անուններով և համարվում էր ձմռան բոլոր ամիսների արքան, ցրտի ոգին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա