Մենք վարչական ռեսուրսները չենք մոբիլիզացրել. ՀՀԿ-ական պատգամավոր
«Այս փուլում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և դեմ, և կողմ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն ներկայացնել իրենց տեսակետները հանրությանը: Քարոզարշավն ընթանում է նորմալ, բնականոն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի յուրաքանչյուր ընտրող կատարի իր ընտրությունը հասկանալով, քաջատեղյակ լինի սահմանադրական բարեփոխումներին: Գ. Մինասյանի խոսքով, «Այո»-ի ճակատի բոլոր անդամները, ինչպես նաև «Ոչ»-ի, մոբիլիզացրել են իրենց ուժերը:
«Մենք վարչական ռեսուրսները չենք մոբիլիզացրել, բայց պաշտոնյան նույնպես քաղաքացի է և իր պաշտոնական ծառայությունները կատարելուց հետո, աշխատանքից հետո կարող է նաև իր տեսակետը հայտնել»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Գագիկ Մինասյանի ներկայացմամբ, սահմանադրական փոփոխությունների առաջարկվող տարբերակն ունի բազմաթիվ դրական դրույթներ՝ մարդու իրավունքներին, դատական համակարգին և այլ ոլորտներին վերաբերող, սակայն իր համար ամենակարևորը կառավարման համակարգի նոր ձևն է՝ անցում կառավարման խորհրդարանական համակարգին:
«Սա այն հիմնական փոփոխությունն է, որով պայմանավորվելու են մնացած փոփոխությունների իրականացումը»,- ընդգծեց ՀՀԿ-ական գործիչը:
Գ. Մինասյանի խոսքով, գործող կիսանախագահական համակարգն իր մեջ ունի խոցելի իրողություններ, որոնք տարիներ շարունակ մատնացույց են արել հենց ընդդիմության ներկայացուցիչները:
«Կիսանախագահական կառավարման դեպքում, եթե նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը նույն քաղաքական ուժն են ներկայացնում, առաջանում է գերկենտրոնացում: Այս պարագայում համաձայն եմ այն քննադատությունների հետ, որ կառավարման այս համակարգի դեպքում առաջանում են իրողություններ, որոնք կաշկանդում են պետության զարգացումը բոլոր բնագավառներում, առաջանում է մենիշխանություն: Եթե նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը նույն քաղաքական թիմից չեն, առաջանում է լրջագույն վտանգներ. հակադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները տարբեր քաղաքական առաջնահերթություններ, կողմնորոշումներ ունենալու պատճառով երկիրը կարող են տանել անկանխատեսելի ճանապարհով: Նման պարագայում մենք դատապարտված ենք միշտ ընտրել առաջին տարբերակը: Այս առումով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելն ուղղակի հրամայական է»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան