ԱՄՆ-ն Ուկրաինային երաշխավորել է աջակցություն սահմանին իրավիճակի սրման դեպքում
ԱՄՆ-ն օգնություն կտրամադրի Ուկրաինային երկրի սահմանին իրավիճակի սրման դեպքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվին՝ ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկու հետ հանդիպմանը։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Քրիստինա Քվին հավաստիացրել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինայի ՆԳՆ-ին Ուկրաինայի սահմանին իրավիճակի սրման դեպքում»,-ասվում է Ուկրաինայի ՆԳՆ-ի շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ բանակցությունները նվիրված են եղել երկրի սահմանին լարվածության հնարավոր աճի համատեքստում կողմերի փոխգործակցության ամրապնդման թեմային։
Մոնաստիրսկին հանդիպման ժամանակ ասել է, որ այդ հարցը նախկինում եղել է կողմերի օրակարգում, սակայն այժմ այն մեծ ուշադրության կարիք ունի։
Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ուրբաթ օրը ելույթ ունենալով Գերագույն ռադայում, ասել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց բաժինը, եթե Բելառուսից ներգաղթյալների հարձակման սպառնալիքը մեծանա։