Հալեպի նահանգապետը պատրաստակամ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հալեպում գործող հայկական եկեղեցիներին և մյուս կառույցներին
Աշխատանքային այցով Հալեպում գտնվող ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հալեպի նահանգում առկա սոցիալ-տնտեսական հարցերը, այդ թվում՝ հալեպահայ համայնքի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ճանապարհները, ինչպես նաև նահանգի հետպատերազմյա վերականգնման աշխատանքների ընթացքը: Այս մասին տեղեկանում ենք Սիրիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Դեսպան Տ. Գևորգյանը նահանգապետին տեղեկացրել է, որ Հալեպ է ժամանել Հայաստանի Հանրապետության «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» Կենտրոնի առաքելության հերթական՝ 8-րդ հերթափոխը: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ հումանիտար առաքելության նախորդ հերթափոխերի աշխատանքների արդյունքում Հալեպի նահանգում ականազերծվել է ավելի քան 750 հազար քառակուսի մետր տարածք, վնասազերծվել է 580 միավոր պայթուցիկ սարքեր, իսկ առաքելության կազմում գործող հայ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նահանգի շուրջ 36 հազար բնակչի:
Նահանգապետ Դիաբը խորին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին՝ դժվարին այս շրջանում Սիրիայի ժողովրդին օգնության և բարեկամության ձեռք մեկնելու համար: Վերջինս պատրաստակամություն է հայտնել իր կողմից անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հալեպում գործող հայկական եկեղեցիներին, դպրոցներին, մշակութային ու մարզական միություններին և, առհասարակ, հալեպահայ համայնքին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին