Համերգ՝ նվիրված Անրի Վերնոյի 100-ամյակին
Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 5-ին տեղի կունենա հոբելյանական համերգ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համերգի ընթացքում կհնչեն Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), «Դլե յաման» երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ: Կհնչեն նաև Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի ստեղծագործություններից:
Համերգին ներկա կլինեն հեղինակավոր հյուրեր, արվեստագետներ թե՛ Հայաստանից, թե՛ Ֆրանսիայից. ներկա կլինեն նաև Վերնոյի ընտանիքի անդամները:
Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի հիշատակին, ներկայացնել Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորել նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում և բացահայտել ազգային ինքնության առանձնահատկությունը:
Միջոցառման կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ները:
Նշենք, որ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում: