Դավիթ Համբարձումյան. Մասիսում քարոզչության ընթացքում 90-ականների գործելաոճ էր որդեգրել իշխանությունը
«Այս ընտրությունների արդյունքում մենք պետք է տեսնենք բոլորովին այլ՝ ավելի լավ ու գեղեցիկ Մասիս համայնք։ Ինչ խոստացել եմ մեր քաղաքացիներին, գիշեր-ցերեկ աշխատելու եմ այդ ուղղությամբ, որպեսզի իրականացնեմ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Մասիսի քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, որ գլխավորում է իր անունը կրող դաշինքի ընտրացուցակը։
Նա նշել է, որ իր քարոզչությունը կառուցել է ոչ թե քաղաքական պայքարի հիման վրա, այլ ներկայացրել է, թե ինչ է պատրաստվում անել իր թիմով։
«Անելիքները շատ են, առանցքային է ջրի որակի, աղբավայրի փակման, տրանսպորտի խնդիրը, դրենաժների հարցը։ Խնդիրները շատ են, շատ-շատ պետք է աշխատենք»,-ասել է նա։
Անդրադառնալով նախընտրական քարոզչության ընթացքում խախտումների մասին իր ահազանգերին ու դրանց իրավապահ մարմինների կողմից արձագանքելուն, Համբարձումյանը հայտնել է՝ եթե չի սխալվում մեկ-երկու ահազանգի վերաբերյալ նյութեր են պատրաստվում, բայց ընթացքի մասին տեղեկություն չունի։
«Երեկ խոսակցություններ եղան, տեղեկություն ստացա, որ փող են բաժանել, չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ, սխալ, բայց մենք փորձում ենք կանխել։ Չեմ կարծում, որ սոցաջակցությունը կարող է ազդել մարդկանց մտածելակերպի վրա, քանի որ քաղաքացիները շատ բան են տեսել։ Այն ձեռագիրը, որ օգտագործվեց ողջ քարոզչության ընթացքում, շատ հին էր՝ 90-ականների ձեռագիր էր, գործելաոճ, մեթոդներ։
Մարզպետարանից զանգեր էին անում, դպրոցների տնօրեններին էին զանգում՝ այսպես արեք, այնպես արեք»,-ասաց նա՝ ցավով նշելով, որ երկու դպրոցի տնօրեն ակտիվ ներգրավված է եղել քարոզարշավում։
Ի դեպ, նա լրագրողներին հորդորեց գնալ Խաչփար համայնք ու տեսնել, թե ինչով է զբաղված այնտեղի համայնքապետն այս պահին։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմությունն է հանձնել հողերը այն թվականից. Մասիսի ՔՊ-ական թեկնածու
- Բերման են ենթարկվել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներ
- ՏԻՄ ընտրությունների նախօրեին Փաշինյանն Արարատի մարզպետին արձակուրդ է ուղարկել
- «Հրապարակ». Մասիսում մարզպետը քննություն է տալու
- «Հրապարակ». Մասիսի շրջանում ՔՊ-ն թեկնածուի փնտրտուքի մեջ է