ՔՊ-ի հետ չունենք ոչ մի գաղափարական ընդհանուր եզր. «Հայրենիք»-ի թեկնածու Վահե Դոխոյան
«Մեր անցնելու հնարավորությունը բավականին բարձր եմ գնահատում և մեզ մնացել է ընդամենը ժամերը, որպեսզի պարզ դառնա, եթե բացարձակ մեծամասնություն չհավաքի մեր ուժը, որ ուժերը կմիանան մեզ»,- ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏԻՄ ընտրություններում Վանաձորում «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Վահե Դոխոյանը:
Նա ընդգծեց, որ չեն կազմի կոալիցիա, չեն համագործակցի միայն այն ուժի կամ ուժերի հետ, որոնք իրենց հետ ունեն գաղափարական կամ ռազմավարական հակասություններ։
«Մենք այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ չունենք ոչ մի գաղափարական ընդհանուր եզրեր»,- ասաց Վահե Դոխոյանը։
Նա բացառեց, որ Գյումրիի նախադեպն իրենց մասով կարող է կրկնվել։
«Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Վահե Դոխոյանի կարծիքով, արդեն վաղն առավոտ ունենալու են այն Վանաձորի հենքը, որն այսուհետ պետք է ժպտա, լինի ամենաերջանիկ համայնքը և վանաձորցին պետք է լավ ապրի։
Ինչ վերաբերում է խախտումներին, արդյո՞ք վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր գրանցել են, ահազանգեր ստացել են, նա պատասխանեց. «Մենք աշխատել ենք խիստ ի օգուտ մեզ։ Չենք հետաքրքրվել ուրիշի գործերով։ Իհարկե, քաղաքում տարբեր բաներ էին խոսում, տարբեր ինֆորմացիաներ կային, բայց, կարծում եմ, այդ ինֆորմացիաների հետազոտողները, դրանցով զբաղվողներն այլ մարմիններ են։ Եթե անկեղծ, դրանք ինձ շատ չեն հետաքրքրել, ուղղակի մենք մեր գործով ենք զբաղվել։ Միգուցե դրանք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, բայց ինձ համար կարևոր էր, որպեսզի ես կարողանայի հասցել հանդիպել իմ յուրաքանչյուր ընտրողի հետ, նման բաների վրա ժամանակ չեմ կորցրել»։
Վ. Դոխոյանը նշեց, որ իրեն անհանգստացնում է պասիվ մասնակցությունը, կոչ արեց վանաձորցիներին դուրս գալ տներից ու մասնակցել ընտրություններին։ Պասիվ մասնակցության պատճառները, նրա կարծիքով, կարող է լինել ցուրտ եղանակը, ինչպես նաև՝ հնարավոր է մարդիկ հիասթափված են, չեն վստահում՝ մտածելով, որ ընտրեն-չընտրեն, իշխող ուժը պետք է ընտրվի։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
- «Հայրենիք»-ի թեկնածուն խոստանում է Վանաձորը դարձնել զբոսաշրջային քաղաք
- Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի տասը քաղաքական ուժ
- «Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հրանտ Այվազյանին
- Վանաձորում «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Վահե Դոխոյանը