ՔՊ-ական գործազուրկներն ուզում են Ապարանում իրենց աշխատանքային փորձն ի շահ ժողովրդի ծառայեցնել
«Եկել ենք մեր փորձն ու պրակտիկան ի շահ դնենք մեր ժողովրդի»,-քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ կուսակցության առաջադրած ընտրացուցակը գլխավորող Էդգար Փարվանյանը, որի անվան դիմաց ընտրացուցակում գրված է «չի աշխատում»։
Նշենք, որ ՔՊ-ի՝ Ապարանում առաջադրած ցուցակը կազմված է 50 հոգուց, որից 25-ը չեն աշխատում։
Լրագրողի այն դիտարկմանը, թե տպավորություն է՝ այս ընտրությունների միջոցով գործազուրկներն ուզում են աշխատանք գտնել, ապա հարցին՝ ո՞ր փորձը, ՔՊ-ական թեկնածուն պատասխանել է.
«Աշխատանքային փորձը։ Հիմա չենք աշխատում, բայց աշխատել ենք։ Ապարանում ՔՊ-ն արձանագրելու է հաղթանակ»։
Ի դեպ, հների վերադարձի սպառնալիքով մյուս թեկնածուին չընտրելու կոչ անող Փարվանյանին լրագրողները հիշեցրել են, որ 2016-ին ինքը առաջադրված է եղել ՀՀԿ ցուցակով։
Ավելի վաղ գրել էինք, որ Ապարանում բազմաթիվ ոստիկաններ են բերվել։ Այստեղ ՏԻՄ համամասնական ընտրություններում ընտրացուցակ է առաջադրել ՔՊ-ն, և «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը, որի ընտրացուցակը գլխավորում է Ապարանի գործող համայնքապետ, անկուսակցական Կարեն Եղիազարյանը։
Դաշինքի ընտրացուցակում թեկնածուներ են ներառված «Արդար Հայաստան» ու «Քրիստոնեա Հայաստան» կուսակցություններից, կան նաև անկուսակցականներ։