Ռրտեղ իշխանությունները ներկայացնում են, թե իբր հաղթել են, իրականում հենց այդտեղ են պարտվել. Արթուր Խաչատրյան
«ՏԻՄ ընտրությունների ամենալավ գնահատականը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողել է այս ընտրություններում»,- ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը փորձում է դա արդարացնել արտաքին մարտահրավերներով իրենց զբաղվածությամբ:
Պատգամավորը նկատեց՝ իշխանությունները պնդում են, որ ընտրակաշառք չեն բաժանել, նման խախտումներ տեղի չեն ունեցել, բայց թե՛ նախորդ օրվա, թե՛ նոյեմբերին կայացած ընտրությունների շեմին պետությունը սոցիալական օգնության քսակն է բացել և շեշտեց, որ այն զուտ համընկնում չէ, որևէ բան պատահական չի լինում:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանությունը ՏԻՄ ընտրություններին մոբիլիզացրել էր իր ողջ վարչական ռեսուրսը, բայց պարտվել են, քանի որ 36 համայնքներից ընդամենը 15-ում են կարողացել հավաքել այնքան ձայն, որ կբավարարեր միանձնյա տեղական իշխանություն ձևավորելուն:
Նրա խոսքով՝ ոչ իշխանական ուժերը 8 համայնքում միայնակ, իսկ 13-ում կոալիցիայով կարող են կազմել մեծամասնություն, որը գումարային ստացվում է 21-ում:
«Երեկ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն գնաց այն մասին, որ Ախուրյանում ՔՊ-ն է հաղթել, դա նշանակում է որևէ բան չհասկանալ այնտեղ տեղի ունեցող պրոցեսներից և որոշ համայնքներում, որտեղ ներկայացնում են, որ հաղթել են, իրականում հենց այդտեղ են պարտվել, որովհետև հույսը դրել են այն մարդկանց վրա, ովքեր տարիներ շարունակ ընտրությունից ընտրություն սպասարկել են օրվա քաղաքական իշխանության շահերը»,- հայտնեց Արթուր Խաչատրյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունները կարծում են, որ իրենք են համայքներում օգտագործել այդ մարդկանց, բայց իրականում իրենք են գործիք դարձել այն պատեհապաշտ մարդկանց ձեռքում, որոնք որևէ սկզբունքայնություն չունեն ու առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լքել խորտակվող նավը:
«Փաստենք, որ Փաշինյանը, ով 2018-ի համեմատ 2021-ին կորցրեց 200 հազարից ավելի ձայն, շարունակում է իր պարտությունների շղթան, պարտվել է ընտրությունները Կապանում, Գորիսում, Մեղրիում, Ախուրյանում ու սա շարունակական գործընթաց է: Ինքը, որ խոսում է, թե մենք ունենք ժողովրդի մանդատ ու այդ քարտ-բլանշով ինչ ուզենք կանենք, խաղաղության դարաշրջան կբացենք, տեսնում ենք, որ այդ մանդատը քիչ-քիչ նվազում է ու որ այսպես շարունակվի, շատ շուտով նրանք կտեսնեն, որ ընդհանրապես որևէ աջակցություն չունեն»,- միտքն ամփոփեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան