Վալենտին Անանիկով. Հիմա քիմիան մարդկությանը պետք է առավել, քան երբևէ
Գիտությունների ազգային ակադեմիան օրեր առաջ հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի մետաղակոմպլեքս և նանոչափ կատալիզատորների լաբորատորիայի ղեկավար, Եվրոպայի ակադեմիայի անդամ Վալենտին Անանիկովին: Ակադեմիկոս Անանիկովը հանդես է եկել «Կատալիզի բազմակողմանի տեսությունը Ա.Ա. Բալանդինից մինչև մեր օրեր» գիտական զեկուցմամբ։ Հայտնում են ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։
ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կարևորել է ակադեմիկոս Անանիկովի այցը. «Ներկայում Գիտության կոմիտեի աջակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիան իրականացնում է ծրագրեր, որոնց շրջանակներում Հայաստան են հրավիրվում առաջատար գիտնականներ արտերկրից դասախոսություն կարդալու համար: Մենք նաև լրացուցիչ հիմնադրամ ենք ստեղծում անվանի գիտնականներին մեզ մոտ հրավիրելու նպատակով: Հարցը քննարկվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևի հետ, ով պատրաստակամություն է հայտնել խթանելու այս գործընթացը»:
ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը ներկայացրել է Վալենտին Անանիկովի գիտական նվաճումները՝ նշելով, որ նա համաշխարհային մակարդակի խորոշ գիտնական է, ում գիտական աշխատություններից ամենաշատն են հղումներ կատարվում քիմիայի ոլորտում:
«Վալենտին Անանիկովն իրականացնում է քիմիական գործընթացների տեսական ուսումնասիրություն և մոդելավորում, արհեստական բանականության կիրառություն քիմիական հետազոտություններում: Նա ստեղծել է մի շարք նանոչափ արդյունավետ կատալիզատորներ, որոնց միջոցով հնարավոր է կորզել կենսաբանական զանգվածից զանազան օգտակար քիմիական միացություններ», - նշել է Լևոն Թավադյանը։
Վալենտին Անանիկովը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության հեռանկարներն ինչպես քիմիական գիտությունների, այդպես էլ մյուս բնագավառներում: «Ժամանակին մենք շատ սերտ կապ ենք ունեցել: Մեր ինստիտուտում Հայաստանից շատ գիտնականներ, հետազոտողներ են աշխատել: Այդ գիտակրթական կապերը դրական ազդեցություն են ունեցել գիտության զարգացման վրա, և կարծում եմ, որ պետք է աշխատել դրանք վերականգնելու, ամրապնդելու ուղղությամբ:
Դրանից երկու կողմերն էլ միայն կշահեն: Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ քիմիան մարդկությանը պետք է առավել քան երբևէ: Քիմիան արդյունաբերության մի շարք ոլորտների հիմքն է, իսկ այսօր շատ արդիական է նաև նոր հակավիրուսային դեղամիջոցների ստեղծման գործում: Մեր օրերում քիմիան ամենապահանջված, օգտակար և հետաքրքիր ոլորտն է», - ասել է Վալենտին Անանիկովը:
Վալենտին Անանիկովը ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Արփինե Հարությունյանի և ավագ գիտաշխատող Աստղիկ Շահխաթունու կողմից ղեկավարած «Իոնական հեղուկների մշակում և դրանց կիրառությունը քիմիայում», «Կենսաբանորեն ակտիվ միացությունների ինքնության և մաքրության վերլուծության նոր միջուկային-մագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիկ եղանակների մշակում» թեմաների օտարերկրյա խորհրդատուն է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան