ՏԻՄ ընտրություններում իշխանությունների դեմ քվեարկածները Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածից էին. Ագնեսսա Խամոյան
«Նիկոլ Փաշինյանն անվտանգությունը հակադրում է ժողովրդավարությանը կամ հակառակը, այսինքն՝ և-և չի կարող լինել, կա՛մ պետք է անվտանգությունը խաթարված լինի և իբր թե ժողովրդավար ընտրություններ պետք է անցկացվեն, կա՛մ հակառակը»,- ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը:
Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը որպես նախընտրական միավոր համապետական ընտրություններին մասնակցում էր հստակ նպատակով՝ վերցնել իշխանությունը:
Ըստ Խամոյանի՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների չմասնակցելը պետք է դիտարկել մարտավարական քայլերի համատեքստում:
Պատգամավորը հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ն համայնքների մեծ մասում մասնակցություն է ունեցել և կարևոր չէ, թե ինչու դաշինքը որպես մեկ միավոր չէր մասնակցում ընտրություններին:
«Որովհետև «Հայաստան» դաշինքը ստեղծված է եղել համապետական ընտրություններին մասնակցելու համար, ոչ թե՝ ՏԻՄ ընտրություններին: Այստեղ կարևորը ոչ թե «Հայաստան» դաշինքի մասնակցելն է, այլ փաստը, որ մենք Նիկոլ Փաշինյանի իշխանության փլուզման ականատես ենք լինում»,- հայտարարեց Խամոյանը և հավելեց. «Ես վստահ կարող եմ պնդել, որ եթե Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեր համապետական ընտրություններին, նույն ջանասիրությամբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրելու էին, որ չմասնակցեց՝ թույլ տալով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը»:
Կին պատգամավորը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքն այսօր ամենամեծ ընդդիմադիր ուժն է:
Խամոյանը համոզմունք հայտնեց, որ այն համայնքներում, որտեղ համապետական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը հաղթել էր, այսօր ձայներ է կորցնում, որը բացատրեց խոշորացումով, քանի որ մարդիկ անհամաձայնություն ունեն խոշորացման պրոցեսի հետ կապված:
Այդ ամենից «Հայաստան» խմբակցության պատգամավորը եզրակացրեց, որ այն մարդիկ, որոնք դեմ են քվեարկում իշխանություններին, Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի ներկայացուցիչներն են:
«ԱԺ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր խաղաղություն, բայց մարդիկ տեսան, որ չկա խաղաղություն, որ Նիկոլ Փաշինյանը չբերեց այն բաղձալի խաղաղությունը, ինչի համար նրանք որոշեցին՝ քվեախցում ձայնը չտան իշխանությանը»,- ընդգծեց Ագնեսսա Խամոյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան