Կա հասարակական դիմադրություն, որը տարբեր փուլերում այս իշխանությանը ծանր ապտակներ է հասցնելու. Տիգրան Աբրահամյան
«Երևացող մասում թվում է, թե այս կամ այն համայնքում իշխող ուժը հաթանակ է տարել, բայց դրանք շատ դժվար է հաղթանակ անվանել, քանի որ ներքաղաքական որոշակի գործընթացներ զարգանալու պարագայում այդ համայնքների ղեկավարները իշխող ուժին որևէ ձևով սատար չեն ակնգնելու»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորի խոսքով՝ հաղթողներն ունեն պարզ հաշվարկ՝ լինել համայնքի ղեկավար, քաղաքապետ, բայց գաղափարական առումով նրանք գրեթե չեն տարբերվում այն մարդկանցից, որոնք պայքարում են ներկայիս իշխանության դեմ:
Նա պնդեց, որ կան համայնքներ, որտեղ իշխող ուժը հաղթանակ է տարել, բայց նրա ընտրացուցակներում գաղափարական առումով չկա թիմ, կան մարդիկ, որոնք փորձել են ստեղծված իրավիճակում իրենց կողմը քաշել վերմակը, ընդունել իշխող ուժի պայմանները:
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ դրանք այն մարդիկ են, որոնց համար սկզբունքն առաջնային չէ, բայց այն ուժը չեն, որոնց վրա կարող է իշխող ուժը հիմնվել:
«Կարևորն այն է, որ ոչ իշխանական ուժերը տարբեր համայնքներում ոչ միայն միանձնյա հաղթանակներ են տարել, այլև հնարավորություն է ստեղծվել մեծ ու փոքր կոալիցիաներով երկրորդ փուլում վերցնել համայնքների ղեկը»,- ասաց պատգամավորը և հավելեց. «Վարչական ռեսուրսների, ճնշումների, վիրավորանքների այս տոտալ իրավիճակի պայմաններում, ամեն դեպքում, կար պայքար, հասարակական ակտիվություն, հասարակական դիմադրություն, որոնք տարբեր փուլերում այս իշխանությանը ծանր ապտակներ է հասցնելու»:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ Մասիսի խոշորացված համայնքում հաղթանակ տարած Դավիթ Համբարձումյանն այն բացառիկ ընկերներից էր, որը և 2018-ին և դրանից հետո մշտապես հպարտացել է իր քաղաքական ուժով՝ ՀՀԿ-ով և որևէ ձևով հետ չի կանգնել իր սկզբունքներից՝ ի տարբերություն ոմանց:
Ըստ պատգամավորի՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը չէր կարող չանդրադառնալ ՏԻՄ ընտրություների վրա, քանի որ մի կողմից առկա է անպաշտպան երկիր, բավականին խոցելի իրավիճակ և անընդհատ ծանրացող սոցիալ տնտեսական իրավիճակ, որի ազդեցությունը յուրաքանչյուր քաղաքացին է զգում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան