Դու ամբողջությամբ սուտ ես, Նիկո՛լ. Աննա Մկրտչյան
«Ոչ մի ճիշտ փաստ, ամեն ինչ սուտ ու կեղծիք»,- ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսպեղ բնութագրեց Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը:
Նրա խոսքով՝ Փաշինյանն ասուլիսում Արցախի իրավիճակից, կարգավիճակից, Սյունիքի, Հայաստանի ճանապարհների զավթման, չդադարող զիջումների, հայկական բանակի, պատերազմի ու դրա ավարտի մասին սուտ տեսակետներ է արտահայտել:
Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը թշնամիների և նրանց վարձկանների վայրագությունների մասին լռել է և աչքի է ընկել ցեղասպանության իրողության աղավաղման ձգտումով:
«Հիմա գերիները սրանց համար արդեն հերոսներ չեն, վերածվել են հանցագործների, ասում էին շուտ էին ակնկալում նրանց վերադարձը, կրկին սուտ»,- հայտնեց Մկրտչյանը և շեշտեց, որ մեկ տարի անց դեռ իշխանությունն ասում է, որ շուտ է:
Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերին պատասխանել է երկար մտածված և լավ մշակված ստով:
«Հետ քաշվելու հրամաններից մինչև նահանջ, չկրակելու հրամաններից մինչև բանավոր պայմանավորվածություններով հայկական տարածքների հանձնում թուրքին ու էլի ամեն ինչ՝ ստով ու կեղծիքով համեմված, մեկ թուրքի հետ օպերատիվ կապով է շփվում և փորձում այն մեզ հրամցնել որպես բացառիկ հաջողություն, մեկ ասում, որ նման բան իսպառ գոյություն չունի, մեկ էլ նորից թուրքի հետ հանդիպում մուրում, որ հարցնի՝ արդյոք ուզում է հայերին ցեղասպանել, թե ոչ»,-հայտնեց Աննա Մկրտչյանը
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Փաշինյանը մեկ ասում է, որ ոչ մի դիվանագիտական գործիք չի աշխատում ու չի գործում, բայց հետո էլ ասում, որ ողջ Հայաստանն էլ կարող է բանակցման առարկա լինել:
Նրա կարծիքով՝ այսօրվա մեր իրականությունը մտածված ստերի արդյունքն ու հետևանքն է և դրա դեմ պայքարի միակ ձևը հետևողական ուշադրությունն է:
«Սրանք չեն դիմանում միայն հետևողականությանը, այն իրենց թշնամին է»,- նկատեց կին պատգամավորը և հիշեցնելով, որ կարմիր գծերի, արագաչափերի, օլիգարխներին մասով արված Նիկոլ Փաշինյանի բացարձակ ստերը բացահայտվել են՝ հավելեց. «Հիմա արդեն յուրաքանչյուրի համար կասկածից վեր է, որ սուտասանի լավագույն ընկերն արագաչափերը, կարմիր գծերն ու օլիգարխներն են»:
Աննա Մկրտչյանը հայտնեց, որ նույն հետևողականությունը պետք է ցուցաբերել պատերազմյա և հետպատերազմյա ստերն բացահայտելու առումով, որպեսզի բոլորով միասին կարողանան փաստել՝ «Դու ամբողջությամբ սուտ ես, Նիկո՛լ» թեզը: