«Ժողովուրդ». Թեև ծովագյուղցիների բոյկոտը ստացված էր, բայց արդեն անիմաստ էր, քանի որ Ծովագյուղը խոշորացվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի և Սեմյոնովկա գյուղերի բնակիչների նախօրեին կազմակերպած բոյկոտը զուր էր։ Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ եղավ Ծովագյուղում և զրուցեց բնակիչների հետ. նրանց պատմելով՝ չեն ցանկանում, որ իրենց գյուղը միանա Սևան համայնքին, բայց դեմ չեն, որ Ծովագյուղին միանա Սեմյոնովկա համայնքը։ Ու թեև ծովագյուղցիները վստահ են, որ ընտրություններին չմասնակցելով՝ հարցը լուծվել է, իրականում դա այդպես չէ։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Այդ բնակավայրերի տեղամասերից եկած թիվը՝ 0-ն, ուղղակի գումարվելու է մյուս տեղամասերում արձանագրված թվերին։ Դա ընթացակարգ է, խոշորացումը տեղի է ունեցել ավելի վաղ, այս ընտրություններով խոշորացում տեղի չի ունեցել։ Ընդունվել է օրենքը ավելի վաղ, տեղի է ունեցել համայնքների խոշորացում, որից հետո այդ համայքներում նշանակվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են։ Երեկվա ընտրությունները որևէ կապ չունեն համայնքների խոշորացման հետ, համայնքների խոշորացումն իրականացվում է օրենքով: Ծովագյուղը, Սեմյոնովկան Սևանի կազմում են՝ անկախ այն բանից, որ երեկ բնակիչները չեն մասնակցել քվեարկությանը»։
Այսպիսով, թեև ծովագյուղցիների բոյկոտը ստացված էր, և միասնականությունը նախանձելի էր դրսևորված, բայց արդեն անիմաստ էր, քանի որ Ծովագյուղը խոշորացվել է:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը դեռևս սեպտեմբերի 8-ին հավանություն էր տվել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Սեպտեմբերի 24-ի ԱԺի արտահերթ նիստում նախագիծը օրենքի ուժ ստացավ, և բոլոր 37 ձևավորվող համայնքներում, անգամ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չավարտված, տեղի ունեցան ավագանու ընտրություններ՝ կուսակցական ցուցակներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան