Քաղտեխնոլոգ. Եթե ՌԴ-ն որոշի նման քայլի գնալ, ուրեմն հասկանում է՝ փաստաթուղթ ստորագրողը հեռանալու է
«Ես կարծում եմ, պարզ է, որ Ռուսաստանը, աշխարհքաղաքական ցանկացած կենտրոն, պետություն բավականին լուրջ վերապահումով է վերաբերվում Նիկոլ Փաշինյանին, որովհետև կյանքը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը որպես գործընկեր վստահելի չէ թե ներքին, թե արտաքին քաղաքականության ասպարեզում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլը գրել էր՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի ավարտից հետո սահմանների ամրագրման միջպետական փաստաթղթի հաստատումը պետք է կատարվի խորհրդարանում, նման պահանջ Նիկոլ Փաշինյանին է պարտադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հայաստանի վարչապետի անվստահելի գործընկերային պահվածքը, Արևմուտքի հետ «տակից» խաղեր տալու փորձերը տեսնելով՝ Պուտինը որոշել է բռի մեջ պահել Փաշինյանին և ապահովագրվել հետագայում վարչապետի փոփոխությամբ որևէ պայմանավորվածությունից հրաժարվելու հավանականությունից»,- գրել էր «Հրապարակ»-ը։
Հակոբյանը նշում է, եթե թերթի հրապարակումը համապատասխանում է իրականությանը, նշանակում է՝ ՌԴ-ն ցանկանում է, որ փաստաթղթին ավելի բարձր կարգավիճակ տրվի։ Իսկ պատճառները կարող են տարբեր լինել։
«Եթե Ռուսաստանը նման քայլի է դիմում, նշանակում է, որ կան ավելի հեռուն գնացող ծրագրեր։ Մյուս կողմից, եթե գերտերություններից որևէ մեկը պահանջելու է՝ փաստաթուղթը վավերացվի ԱԺ կողմից, դա նշանակում է, որ օրինակ Ռուսաստանի մոտ վստահություն չկա՝ այդ փաստաթղթի ներքո ստորագրողը մնալու է պաշտոնին և նրա հեռացումով պրոցեսը չի վիժեցվելու»,- կարծիք հայտնեց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանը նկատեց, որ այդ դեպքում սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների վերաբերյալ պատասխանատվությունը կընկնի ոչ միայն Փաշինյանի, այլև նրա թիմակիցների ուսերին։
«Այս առումով չի բացառվում, որ ԱԺ-ի կողմից ընդունման հարց Փաշինյանն է առաջացրել, որպեսզի ամեն ինչ ավելի երաշխավորված լինի։ Եթե դա ճիշտ է, ու ռուսները գնում են պրոցեսը բարդացնելու, քաղաքական նոր պրոցեսներ հրահրելու ճանապարհով, ապա հակված եմ կարծել, որ իրենք համոզված են՝ փաստաթղթի տակ ստորագրող մարդը չէ հետագայում իրականացնելու այդ փաստաթուղթը։ Խորհրդարանի կողմից ընդունումը հետագայում երաշխավորելու է դրա իրականացումը, ով էլ գա, հետքայլի հնարավորություն չի ունենա»,- նշեց նա։
Վիգեն Հակոբյանը չի բացառում այն տարբերակը, որ ռուսական կողմը ցանկանում է Փաշինյանի միջոցով ողջ գործընթացն ավարտին հասցնել, ապա նրան ճանապարհել։
«Կամ ցանկանում են, կամ էլ համոզված են, որ հենց այդպես է լինելու, դրա համար փորձում են ապահովագրել գործընթացը։ Նորից եմ ասում, եթե դա համապատասխանում է իրականությանը»,-ընդգծեց քաղաքագետը։
Վիգեն Հակոբյանը հակված է կարծել, որ ՌԴ-ն չի գնա այնպիսի քայլի, որն անկանխատեսելի հետևանքներ ու գործընթացներ կարող է հրահրել ոչ միայն խորհրդարանում, այլև փողոցում։
«ՌԴ-ն առանց այդ էլ ինչ ցանկանում է, Նիկոլ Փաշինյանից ստանում է։ Եթե որոշում են գնալ խորհրդարանի միոջոցով ընդունման ճանապարհով, ապա հասկանում են, որ ստորագրողը ստորագրելուց հետո այս կամ այն կերպ հեռանալու է՝ իր կամքով կամ անկախ իր կամքից։ Եվ որպեսզի երաշխիք ունենան, որ այդ պրոցեսը ստորագրման փուլում էլ չի ավարտվելու, պետք է լինի օրենք, որը հետագայում պարտադիր կիրառում կունենա։ Այս պահին ես այսպես եմ կարծում, չնայած, անշնորհակալ գործ է չհաստատված լուրերը մեկնաբանելը»,- ասաց քաղտեխնոլոգը։
Հարակից հրապարակումներ`
- Աղասի Ենոքյան. Նիկոլը հասկանում է, որ իրեն խփելու են թուղթը ստորագրելուց հետո
- «Հրապարակ». Ազգային ժողովը պետք է վավերացնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան