MDPI-ում հրապարակվել է խաղողի հայկական սորտերի գենետիկական նկարագրերի մասին հոդվածը
Շվեյցարիայում լույս տեսնող MDPI գիտական հանդեսում հրապարակվել է հայ գիտնականների Քրիստինե Մարգարյանի, Գագիկ Մելյանի, ինչպես նաև արտասահմանցի գիտնականների համահեղինակած հոդվածը՝ խաղողի հայկական սորտերի գենետիկական և մորֆոլոգիական նկարագրերի մասին։
«Առաջին անգամ բացահայտել ենք մեր սորտերի ծնողներին, հեռու֊մոտիկ բարեկամներին։ Խաղողի հայկական սորտերի իդենտիֆիկացիան երբեք չի' կարելի իրականացնել հիմնվելով միայն ֆենոտիպի կամ գենոտիպի վրա, միայն սիմբիոտիկ մոտեցման արդյունքում գրանցեցինք հաջողություն»,-ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը։
Հոդվածի համար աշխատանքները տևել են շուրջ 3 տարի, այդ ընթացքում բացառապես գերմանացիների ֆինանսավորմամբ սեկվենավորել են շուրջ 1300 գենոտիպեր․ հոդվածում ներառվել են 492-ը։
«Անգնահատելի է իմ լավ ընկերոջ՝ մեր Գագիկ Մելյանի ավանդը ՀՀ-ում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանման գործում։ 2018-2020թթ միասին բույս առ բույս անցանք մեր կոլեկցիայում պահպանվող սորտերով, նկարագրեցինք, ստուգեցինք նորից ու նորից, բույս առ բույս․ մինչև իր վերջին օրերը աշխատեցինք հոդվածում ընդգրկված յուրաքանչյուր սորտի վրա․․․վստահ եմ, հիմա շատ ուրախ կլիներ․․․»,-նշել է Քրիստինե Մարգարյանը։
Գիտաշխատողը հայաստանցի գինեգործներին հորդորում է՝ փորձեն բացահայտել ու աշխարհին ներկայացնել տեղածին սորտերից ստացված գինին․ Սև Լկենին, Կարմիր կոթենին, Սև խարջին, Սև խաղողը, Հադիսին, Երասխենին, Սևուկը, Սվենին, Արենին՝ կլոններով, Լալվարին՝ կլոններով, Թոզոտն իր կլոններով, Մորմորն ու Մովսեսը։